ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և վերատեղակայել զորքերը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, վերատեղակայել զորքերը:
Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) մայիսի 28-ին տարածած հայտարարության մեջ նշվում է.
«Համանախագահները Ժնևում մայիսի 27-ին և 28-ին խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի և ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպինո Գրանդիի հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ևս մասնակցել է հանդիպումներին: Համանախագահներն ի գիտություն են ընդունել մայիսի 27-ին վեց հայ զինվորների գերեվարման տեղեկությունը և կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու այլ ձերբակալվածներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:
Համանախագահներն ընդգծում են գերիներին միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան վերաբերվելու պարտավորությունը: Նրանք խստորեն հորդորում են կողմերին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության բոլոր սահմանափակումները, ինչպես նաև կոչ անում կողմերին կյանքի կոչել բոլոր հանձնառությունները, որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ:
Համանախագահները մտահոգություն են հայտնում հայ-ադրբեջանական՝ դեմարկացիայի չենթարկված սահմանին գրանցված միջադեպերի առնչությամբ: Անընդունելի է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ սահմանային վեճերը լուծելու հարցում: Կոչ ենք անում երկու կողմերին ձեռնարկել հրատապ քայլեր, այդ թվում և վերատեղակայել զինված ուժերը՝ իրադրության լարվածությունը թուլացնելու և բանակցություններ սկսելու համար՝ սահմանին խաղաղ ճանապարհով սահմանազատում և սահմանագծում իրականացնելու համար: Համանախագահները պատրաստ են աջակցել գործընթացի դյուրացմանը:
Կարևորելով տարածաշրջանի ժողովուրդների կայուն, խաղաղ և բարգավաճ ապագան՝ հորդորում ենք կողմերին հնարավոր ամենավաղ ժամկետներում գործել համանախագահների հովանու ներքո»,- ասված է հայտարարության մեջ: