ՀԱՊԿ-ը հապաղում է. Հայաստանը չի բացառում, որ կդիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին. Փաշինյան
ՀԱՊԿ-ը դեռ հստակ դիրքորոշում չի հայտնել ադրբեջանական ուժերը իրենց ելման դիրքեր հեռացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարես ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Աշխատանքային քննարկումների ընթացքում այդ մասին խոսվում է, սակայն նրանք հրապարակավ չեն հայտնում իրենց դիրքորոշումը: Երբ խոսքը վերաբերում է Սյունիքին, նրանք մշտապես ասում են, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի այս հատվածում սահմանազատման և սահմանագծման գործընթաց չի իրականացվում: Բայց ուզում եմ նշել, որ սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց չի իրականացվում նաև ռուս-ադրբեջանական սահմանին: Եվ ի՞նչ է սա նշանակում»,- ասաց Փաշինյանը:
Նա ասաց, որ իշխանություններին քննադատում են, սխալ որակում ՀԱՊԿ-ին դիմելու որոշումը: Սակայն, ասաց նա, հենց ՀԱՊԿ գործընկերները Հայաստանին հորդորեցին չդիմել խնդրի լուծման ուժային տարբերակին: Փաշինյանը նաև հիշեցրեց, թե Հայաստանը ՀԱՊԿ-ում հանդես է գալիս ոչ որպես հայցվոր, այլ դա պարզապես գործիք է, որը կազմակերպության անդամ երկրները ստեղծել են նման իրավիճակներում օգտագործելու համար:
Նրա խոսքով, Սյունիքում ադրբեջանական զորքերի հիմնական խնդիրը ռազմական գործողություններ հրահրելն էր և դեպի Նախիջևան միջանցքի գրավումը, որն անցնում է այս շրջանով: Այդ մասին, հիշեցրեց Փաշինյանը, ավելի վաղ հայտարարել էր հենց Ադրբեջանի նախագահը:
«Ադրբեջանի կողմից սպառնալիքը պահպանվում է: Բաքվի ձգտումները չեզոքացված չեն: Հայաստանը չի բացառում, որ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիների հարցով կգնա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելու ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ-ի գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակն ու խնդիրը լուծելու համար»,- հավելեց նա: