25.11.2024
ՀՀ 2 քաղաքացիների նկատմամբ դատական գործընթացը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է
prev Նախորդ նորություն

Եռակողմ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ղարաբաղում զինված հակամարտության Հայաստանի համար անբարենպաստ ելքը բացասաբար չի ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, և դրանք կշարունակեն զարգանալ փոխվստահության ոգով:


«Ռուս-հայկական հարաբերությունները ստուգված են ժամանակով։ Ես կասկած չունեմ, որ նրանք կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության ոգով», - ասել է Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում:


Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ պատրաստ է նեցուկ լինել եղբայրական հայ ժողովրդին։ «Դրա վկայությունն են Ռուսաստանի, անձամբ նախագահ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հաջողվել է հասնել Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը ռազմական դիմակայության դադարեցմանը, գործարկել տարածաշրջանում իրադրության կարգավորման գործընթացը», - ասել է նա:


Այսօր, կարծում է նա, կարելի է ասել, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2020 թ.նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի իրենց հայտարարություններում, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են:


«Դա վերաբերում է, մասնավորապես, հակամարտության հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակմանը։ Ռուսական աջակցությունը բարձր է գնահատում հայ բարեկամների կողմից», - պարզաբանել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը:


Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի ու Հայաստանի միջև հարաբերությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղի խնդրով: «Մենք ունենք աննախադեպ ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն նաև այլ մակարդակներում։ Միայն այս տարի մեր ղեկավարները հանդիպել են երկու անգամ, բազմաթիվ հեռախոսազրույցներ են ունեցել։ Մայիսի սկզբին տեղի ունեցավ իմ այցը Երևան։ Իրականացվում է միջխորհրդարանական փոխգործակցություն», - նկատել է նա։


Կորոնավիրուսի համաճարակի հետևանքների հաղթահարման նպատակով Ռուսաստանը, նշել է նա, Հայաստան է մատակարարել մի քանի տասնյակ հազար «Սպուտնիկ V» պատվաստանյութ։ «Քննարկում ենք հետագա աջակցության հարցը։ Հաջողությամբ զարգացնում ենք կապերը առևտրի և տնտեսության ոլորտներում, ինչին նպաստում են տնտեսական համագործակցության ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների պարբերական հանդիպումները», - եզրափակել է նա։