Չնայած համաճարակին՝ ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը հունվար-մարտ ամիսներին աճել է 17%-ով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում՝ տեսակոնֆերանսի ռեժիմով։
Ընդ որում, նա ԵԱՏՄ երկրներին կոչ է արել ավելի օպերատիվ միջոցներ ձեռնարկել սոցիալապես նշանակալի ապրանքների գների ուղղությամբ, ինչպես դա եղել է, օրինակ, շաքարի պարագայում:
«Սոցիալական նշանակություն ունեցող մթերքների գների կտրուկ տատանումների հետ կապված խնդիրները սրվում են անկայուն համաշխարհային կոնյունկտուրայի ֆոնին։ Ռուսաստանը երախտապարտ է գործընկերներին այս ոլորտում իրավիճակի կարգավորման ռուսական նախաձեռնությանն աջակցելու համար», - ընդգծել է նա։
Ընդլայնել ԵԱՏՄ համագործակցությունը ազատ առևտրի մասին համաձայնագրերով
Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարում ուսումնասիրել Եվրասիական տնտեսական միության կողմից Ինդոնեզիայի և Մոնղոլիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքման հարցերը: Նրա խոսքով՝ Մոսկվան հանդես է գալիս իր խոշորագույն առեւտրային գործընկերների հետ արտոնյալ պայմանագրերի թվի ավելացման օգտին: «Նման փաստաթղթերն արդեն ստորագրվել են ԵԱՏՄ-ի եւ Վիետնամի, Սերբիայի, Իրանի, Սինգապուրի միջեւ», - հիշեցրել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ կարեւոր է համարում Իսրայելի եւ Եգիպտոսի հետ նույնանման փաստաթղթերի շուրջ բանակցությունների ակտիվացումը, ինչպես առաջարկել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մենք նույնպես դա պաշտպանում ենք, ավելի շուտ բանակցային գործընթաց սկսել մեր խոշոր գործընկեր Հնդկաստանի հետ, ուշադիր ուսումնասիրել Ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքելու նպատակահարմարության հարցը մեկ այլ մեծ երկրի՝ Ինդոնեզիայի, մեր հարեւան Մոնղոլիայի հետ», - ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը:
Միգրանտների մասին
Պուտինը նաեւ անդրադարձել է աշխատանքային միգրանտներին: «Ռուսաստանի Դաշնությունը ձգտում է եւ ձգտելու է բարելավել մերձավոր արտասահմանի երկրներից ժամանող աշխատանքային միգրանտների հետ կապված իրավիճակը։ Իհարկե, առաջին հերթին ԵԱՏՄ անդամ պետություններից», - ասաց նա։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ մոտ ժամանակներս կգործարկվի «Աշխատանք առանց սահմանների» միասնական ինտերնետ-համակարգը եւ համապատասխան հավելվածը, որը թույլ կտա առցանց ձեւակերպել աշխատանքի տեղավորման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: