25.11.2024
Մարտունի քաղաքում մեկնարկել են բազմաբնակարան նոր թաղամասի շինաշխատանքները
prev Նախորդ նորություն

Սահմանազատում սկսելուց առաջ ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից. ԱԽ քարտուղար

Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու Ռուսաստանի առաջարկությանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունն ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար:


Այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու ՌԴ առաջարկի վերաբերյալ ՀՀ մոտեցումը:


«Մայիսի 18-ին ռուսական կողմից ստացվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկություն: Դրան ի պատասխան, հայկական կողմը ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար: Բարձր ենք գնահատում ռուսական կողմի ջանքերը ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել սերտ համագործակցությունը, միաժամանակ ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար տարածքային ամբողջականության լիարժեք պահպանումը քննարկման առարկա չի կարող լինել: Արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմի վերջին գործողություններն ակնհայտորեն միտված են ՀՀ, ՌԴ եւ ԱՀ առաջնորդների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին արված հայտարարություններով ստանձնած սեփական պարտավորությունները չկատարելուն»,-նշեց Գրիգորյանը:


Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության հանգուցալուծման համար ընթանում են բանակցություններ: