Տեղահանված բնակիչներին հուզող ամենաառաջնային հարցն Արցախի անվտանգությունն է. Արցախի ՄԻՊ
Մայիսի 15-ին Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը այցելել է Արցախի օկուպացված տարածքներից տեղահանված և Վանք, Առաջաձոր, Չարեքտար համայնքներում ապաստանած մեր հայրենակիցներին։ Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ աշխատակազմից:
Պաշտպանը ընդգծել է, որ տեղահանված բնակիչներին հուզող ամենաառաջնային հարցերի շրջանակը ընդգրկում է Արցախի անվտանգությանը, կանխատեսելի ապագային, տեղահանված բնակչությանը կացարաններով և աշխատանքով ապահովելու և սոցիալական խնդիրներին առնչվող հարցերը, որոնք համակարգված առաջարկների տեսքով ներկայացնելու է ոլորտային պատասխանատու մարմիններին։
Հանդիպման ընթացքում անմիջական զրույցներով վեր են հանվել սոցիալական և քաղաքացիների կենսապայմանների հետ կապված խնդիրներ, որոնք քաղաքացի-պետական կառավարման համակարգ կոորդինացված հարաբերությունների դեպքում հեշտությամբ կարող են ստանալ իրենց լուծումները։
Գ. Ստեփանյանը նշել է նաև, որ տեղահանված բնակիչների կարիքներին վերաբերող տեղեկատվության փոխանակման ճիշտ կազմակերպման անհրաժեշտություն կա, որի ապահովման դեպքում պետական համակարգը առավել օպերատիվ և թիրախային կարող է գտնվել և այդպիսով լուծումներ գտնել բազմաբնույթ հարցերի։ Որևէ պարագայում քաղաքացին միայնակ չպետք է մնա իրեն պատուհասած խնդիրների հետ։ Տեղահանված բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված պետական աջակցությունը չպետք է ուշանա, որովհետև որոշ դեպքերում քաղաքացիները ապրում են այնպիսի դժվարին պայմաններում, որտեղ պահպանված չեն նվազագույն կենսապայմանները, անգամ անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ պայմանները։
Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ տեղահանված բնակչության խնդիրները մնալու են Պաշտպանի ուշադրության կենտրոնում, իսկ նրանց հետ պարբերական հանդիպումները լավագույն մեթոդն են տեղում ծանոթանալու խնդիրներին, քննարկելու այս կամ այն խնդրի լուծման ուղիները և դրանք բարձրաձայնելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների առջև։