14.12.2024
Չենք պատրաստվում որևէ մետր նրանց թողնել. ՊՆ-ն՝ Սյունիքի սահմանին իրավիճակի մասին
prev Նախորդ նորություն

Ռուսական կողմն ինտենսիվ աշխատում է հարցի շուտափույթ լուծման համար. Պատրուշևը՝ Գրիգորյանին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:


Ֆեյսբուքյան իր էջում Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ հեռախոսազրույցի առանցքային թեման հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն էր: Փոխանակվել են մտքեր և քննարկել խնդրի լուծման հնարավոր տարբերակները:


«Հեռախոսազրույցի սկզբում ներկայացնելով ստեղծված իրավիճակը՝ ընդգծել եմ, որ Հայաստանը սա դիտարկում է որպես Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն, և որ Հայաստանի համար դա անընդունելի է, հետևաբար ադրբեջանական զինված ստորաբաժանումները պետք է թողնեն այդ տարածքները և վերադառնան ելման դիրքեր:


Իմ խոսքում նաև ընդգծեցի, որ ադրբեջանական կողմի հավակնությունները անհիմն են, և որ կան դեռ խորհրդային շրջանից մնացած քարտեզներ, որոնք հիմնավորում են վերոնշյալ տարածքների հայկական լինելը:


Խոսելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ դիմելու մասին՝ կարևորեցի նաև ՀԱՊԿ շրջանակներում անհրաժեշտ մեխանիզմների գործարկման հնարավորությունը հարցի հնարավորինս արագ կարգավորման նպատակով:


Իր հերթին Նիկոլայ Պատրուշևը բարձր գնահատեց հայկական կողմի զսպվածությունը այս հարցում՝ կարևորելով վերջինիս լուծման համար բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերի գործադրումը՝ հավելելով նաև, որ ռուսական կողմը բոլոր մակարդակներում ինտենսիվ աշխատում է հարցի շուտափույթ լուծման համար»: