Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզստանի եւ Տաջիկստանի ԱԳ նախարարների հետ
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր՝ մայիսի 4–ին, իր նախաձեռնությամբ հեռախոսազրույցներ է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի եւ Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաեւի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Տաջիկստանի ԱԳ նախարարի հետ զրույցում ընդգծել է կենտրոնասիական տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարեւորությունը: Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները։ Արա Այվազյանը ցավակցել է սահմանային միջադեպի ժամանակ արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ եւ շուտափույթ ապաքինում մաղթեց վիրավորներին:
Զրույցի ընթացքում ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ու Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինը նաեւ քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության շրջանակներում առաջիկա միջոցառումների շուրջ:
Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաեւի հետ զրույցում Արա Այվազյանն ընդգծել է կենտրոնասիական տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարեւորությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի, որոնք արծարծվել էին ԱՊՀ նախարարական նիստի շրջանակներում ապրիլի 2-ին կայացած հանդիպման ժամանակ: