ՀՀ-ն շարունակում է մնալ հետխորհրդային տարածքի ամենաազատ մամուլ ունեցող պետություններից
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի լրագրողներ, գործընկերներ,
Շնորհավորում եմ բոլորիս Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է ազատ մամուլի դերը երկրի զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, հանրային վերահսկողության ապահովման գործում:
Վստահ եմ՝ մեր երկրում մամուլը երբեք չի եղել այնքան ազատ, որքան վերջին երեք տարիների ընթացքում, ինչն իրենց զեկույցներում արձանագրել են նաև միջազգային կազմակերպությունները: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսով 2019 թվականին մեր երկիրը 2018-ի համեմատ առաջընթաց էր գրանցել 19 կետով՝ զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը: 2020-ին պահպանել էինք մեր դիրքերը, 2021-ին՝ 2 կետով հետ նահանջել, ինչը մեծապես պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի հետևանքով սահմանված որոշակի սահմանափակումներով: Այնուհանդերձ, Հայաստանը շարունակում է մնալ հետխորհրդային տարածքի ամենաազատ մամուլ ունեցող պետություններից մեկը:
Համոզված եմ՝ առաջիկայումս մեր երկիրը շարունակելու է առաջընթացը: Առանձնակի կարևոր եմ համարում մամուլի ներկայացուցիչների կողմից օբյեկտիվ գործունեության ապահովումը, հանրությանը լիարժեք ու բազմակողմանի տեղեկատվություն ներկայացնելը: Կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի ճգնաժամերը ցույց տվեցին այս խնդիրների ապահովման կարևորությունն ու անհրաժեշտությունը:
Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքն է, որը պետք է պահպանենք ու զարգացնենք: Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը»: