Կապան տանող ճանապարհի 21 կմ հատվածը կվերահսկվի տեխնիկական միջոցներով. ԱԱԾ
Կապան տանող ճանապարհի 21-կիլոմետրանոց խնդրահարույց հատվածը կվերահսկվի տեխնիկական միջոցներով:
Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը։
«Ինչ վերաբերում է ճանապարհի վիճահարույց 21-կիլոմետրանոց հատվածին, կարող եմ ասել, որ վերջին օրերին սեղմված են սահմանային անցակետերի տեղակայման վայրերը։ Այս պահին մենք քննարկում ենք տեխնիկական միջոցներով ճանապարհի ողջ հատվածի վերահսկողության տակ վերցնելու հարցը։ Մենք ուզում ենք այնպես անել, որ մեր կողմից չվերահսկվող որևէ մետր չլինի։ Այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում», - ասել է նա։
Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այն մասերում, որտեղ քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն չկա, պետք է թույլատրել զենք կրելը: