ՀՀ-ի և Շվեյցարիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Հեռավար ձևաչափով ապրիլի 28-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, շվեյցարականը՝ Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Եվրասիայի վարչության պետ, դեսպան Աննա Իֆկովից Օրները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները, բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները, քննարկել են հայ-շվեյցարական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև անդրադարձել տնտեսական կապերին՝ ուրվագծելով դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ քայլերը։
«Կողմերն անդրադարձան Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող գործունեությանը, քննարկեցին համագործակցության հաջորդ` 2022-2025թթ. ռազմավարության մշակման հետ կապված հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ու փոխադարձ աջակցության հեռանկարները։
ՀՀ ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Կողմերը ծանոթացել են տարածաշրջանային խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին։
Զրուցակիցների ուշադրությունը հրավիրվել է հետպատերազմյան իրավիճակում Արցախի հարցի կարգավորման և մարդասիրական աջակցության հարցերին։ Այդ համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը հիմնախնդրի, այդ թվում՝ կարգավիճակի վերջնական լուծման հարցում։ Առանձնակի ուշադրություն է դարձվել հրատապ հասցեագրում պահանջող ռազմագերիների և հումանիտար աջակցության հարցերին։