14.11.2024
Որևէ մեկը միայնակ չի կարող հեռացնել Փաշինյանին. ՀՀԿ-ում ակտիվ քննարկումներ են
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու նրա հրաժարականը պահանջող Ռուբեն Վարդանյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարության աղբյուրներից տեղեկացանք, որ անցած հինգշաբթի Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է գործարար Ռուբեն Վարդանյանին, թե ինչ են քննարկել, պարզ չէ։ Սակայն հանդիպման փաստն ինքնին ուշագրավ է։ Նոյեմբերի 9-ից հետո Վարդանյանը հանդես եկավ քննադատական ուղերձով, նա անուղղակի, բայց համաձայն էր գործարարներ Սամվել Կարապետյանի եւ Մոնարխի՝ Սերգեյ Համբարձումյանի դիրքորոշմանը, որոնք պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Իսկ հիմա կան լուրեր, որ չի պատրաստվում Նիկոլ Փաշինյանի դեմ բացահայտ դուրս գալ։ Ավելին՝ խոսվում է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին չի բացառվում, որ հայտարարությամբ հանդես գա՝ ի աջակցություն «Երրորդ ուժի» ղեկավար Արտակ Թովմասյանի (Դվինի Արտակի)։ Ի դեպ, իշխանությունները լրջորեն աշխատում են երրորդ բեւեռի ձեւավորման ուղղությամբ, որպեսզի իրենց եւ նախկիններին մերժող զանգվածը գնա իրենց ցանկալի ուղղությամբ, իսկ ընտրություններից հետո այդ ուժի հետ կմիանան եւ կառավարություն կձեւավորեն։ Իսկ Դվինի Արտակի քաղաքական կարճատեւ գործունեությունը եւ հայտարարությունները տեղավորվում են այդ դերի շրջանակներում։ Նշենք, որ այլընտրանքային բեւեռ դառնալու ծրագրեր շատերն ունեն, այդ թվում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ իր ՀԱԿ-ով։ Երեկ տեղեկացանք, որ ՀԱԿ համագումարը մեկ շաբաթով հետաձգվել է, մայիսի 1-ի փոխարեն կանցկացնեն 7-ին։ Տեր-Պետրոսյանի ուժը հավասարապես կքննադատի ե՛ւ Նիկոլ Փաշինյանին, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում տևական ժամանակ է՝ թեժ քննարկվում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերմունքը երբեմնի սիրելի թիմի նկատմամբ: Բանն այն է, որ խմբակցությունում կան շատ, այսպես ասած, խանականներ, որոնց համար մեծ ցավ է, որ իրենց իշխանության ու հատկապես ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տևական ժամանակ է՝ Տեր-Պետրոսյանը սուր քննադատում է իր հոդվածներում: Հատկապես ցավագին են ընդունել նախօրեին Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ կապված Նիկոլ Փաշինյանի Ժ/Պ մնալու իրողության հետ: Հայտարարությունում առաջին նախագահը նշել էր․ «2018 թ․ դեկտեմ­բերի 9-ի նույնքան հակասահմանադրական ընտրությունները՝ կայացած համաժողովրդական անկասելի ոգևորության վերելքի պայմաններում, լինելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թերեա միակ միջոցը, ամենևին չեն կարող իրավական նախադեպ հանդիսանալ առաջիկա ընտրությունների օրինակարգությունը հիմնավորելու համար»: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ իմքայլականների այն հատվածը, որը առաջին նախագահի թի­մում է միշտ եղել, սկսել են ներքին քննարկումներում շատ վատ արտահայտվել նրա մասին, նրանց թվում են Ռուբեն Ռուբինյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արայիկ Հարությունյանը, Արսեն Թորոսյանը, Լիլիթ Մակունցը, Հակոբ Սիմիդյանը և այլք, որոնք համարում են, թե Տեր-Պետրոսյանը իրեն սխալ է պահում: Մի հատվածն էլ կարծում է, որ այս սառը պատերազմը հրահրեց Նիկոլ Փաշինյանը, քանի որ վերջինս գրեթե բոլոր փակ հանդիպումները սկսում էր Տեր-Պետրոսյանի քննադատությամբ, նրա թիմին անվանելով «լևոնական թափթփուկներ»: Ըստ նրանց՝ սա Տեր-Պետրոսյանի ապտակն է Փաշինյանին»:


«Հրապարակ» թերթը գրում է․ «Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը դեմ արտահերթ ընտրություններին, ինչո՞ւ են իրավաբանները և անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի հրաժարականից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Ինչո՞ւ էին քաղաքական ուժերը փորձում ակտիվացնել փողոցը և հասնել հրաժարականին՝ հանրային ճնշման արդյունքում։ Որովհետև այս բոլոր մարդիկ հասկանում են, որ Հայաստանում ընտրություններով իշխանություն փոխել հնարավոր չէ՝ հնարավոր չէր անցյալում, հնարավոր չէ նաև այսօր։ Դրա համար անհրաժեշտ է գիտակից և կիրթ հասարակություն, որը չի կաշառվում, չի վախենում, տարբեր շահերից դրդված չի քվեարկում և հասկանում է, որ իր քվեն ուժ է՝ իշխանություն ձևավորող ուժ։ Եթե հասարակության մեջ միշտ կա մի 30 տոկոս ընտրազանգված, որը ցանկացած պարագայում՝ անգամ ամենախայտառակ իշխանություններին պատրաստ է քվե տալու, ուրեմն անիմաստ է ակնկալել, որ ընտրությունները երկրում կարող են իրավիճակ փոխել։ Այդ առումով ամենահատկանշականը 2017 և 2018 թվականների ընտրություններն էին՝ դրանց համեմատական նկարագիրը։ Երբ 2017-ին հասարակության մի պատկառելի հատված՝ մոտ 700 հազար մարդ, հոժարակամ ընտրեց «Հանրապետականին»՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իսկ դրանից ուղիղ մեկ տարի անց խելակորույս լցվեց փողոցները՝ «մերժեց Սերժին», 4-5 ամիս անց էլ 800 հազար ձայն տվեց այն ուժին, որի դաշինքով հանդես եկող միավորին՝ «Ելքին», 2017 թվականին ընդամենը 120 հազար ձայն էր տվել։ Մեզանում սկզբունքային, գիտակցված ընտրություն երբեք չի եղել։ Ընտրազանգվածի մի մասն ընտրել է գործող իշխանություններին, մի մասը՝ փողատերերին, մտածող մասը՝ իշխանություններին դեմ գնացող ուժին։ Ընտրել են ուժեղին, հաղթողին և անպայման նրանց, ումից ինչ-որ ակնկալիքներ ունեն»:


«Հրապարակ» թերթը գրում է․ «ՀՀԿ-ն կարծես թե մտադիր է մասնակցել արտահերթ ընտրություններին, բայց դեռ չեն կողմնորոշվում, թե ինչ ֆորմատով։ Երեկ Էդուարդ Շարմազանովն էր գրառում արել այդ մասին ու նաեւ ակնարկել, որ ՀՀԿ-ն պետք է միայնակ մասնակցի ընտրություններին։ «Հանրապետականը պետք է պայքարի ու այդ պայքարում չպետք է լինի որեւէ մեկի կցորդը, այլ պայքարի բաց ճակատով ու հանուն ազգային Հայաստանի»,- գրել էր Շարմազանովը։ Տեւական ժամանակ է՝ ՀՀԿ-ի ներսում քննարկումներ եւ վեճ կա՝ գնալ դաշինքո՞վ, թե՞ միայնակ։ Դաշինքի հարցում էլ քննարկվում է Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության հետ գնալու հարցը։ ՀՀԿ-ում կարծիքները տարբեր են՝ հին կորիզը կարծում է, որ իրենք պետք է մենակ գնան ու անպայման ՀՀԿ-ի ցուցակով։ Մի մասը կողմ է դաշինքին, եւ ասում են՝ հավասար համամասնությամբ ցուցակով գնանք։ Բայց կա նաեւ մի թեւ, որը դեմ է Վանեցյանի հետ համագործակցությանը ու մեկ ցուցակով գնալուն․ նրանք համարում են, որ իրենք կայացած կուսակցություն են, տարածքային կառույցներ ունեն, ձայն տնօրինող օլիգարխներ, եւ իրենց չի սազում նոր ստեղծված ուժի հետ՝ նրանց գերակայությամբ ընտրությունների գնալը։ Վանեցյանի թիմում էլ կան տարաձայնություններ․ ոմանք կարծում, որ ՀՀԿ-ի հետ գնալով՝ իրենք ավելի շատ կկորցնեն, եւ նախկինների պիտակը կվնասի իրենց, Նիկոլն էլ իրենց կթիրախավորի։ Բացի այդ, համարում են, որ «Հայրենիքն» այսօր արդեն բավարար քանակի տարածքային կառույցներ ունի, մոտ 4 հազար վստահված անձ են ցուցակագրել, միայն 7 հազար անդամագրման դիմում կա, եւ կարող են միայնակ մասնակցել ընտրություններին։ Մանավանդ, որ այդքան ռեսուրս ու նաեւ ֆինանսներ ունեն, ինչը նույնպես շատ կարեւոր է։ Իսկ եթե այլ ելք չկա, եւ գնալու են ՀՀԿ-ի հետ դաշինքով, ապա «կարկառուն» հանրապետականները չպետք է լինեն այդ ցուցակում, որ իրենք նախկինների հետ շատ չասոցացվեն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին հարցաքննության են հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորական քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել պատերազմի օրերին Արթուր Վանեցյանի կողմից Շուշիի դիրքերը լքելու մասով: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ զինվորական քննչական վարչությունը մերժել է քրեական գործի հարուցումը եւ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի զինվորական դատախազությունը ստուգի քրեական գործի հարուցումը մերժելու օրինականությունը եւ հաստատի այն: Սակայն այստեղ էլ տեղի է ունեցել անսպասելին. ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է քննչական կոմիտեի որոշումը եւ քրեական գործ է հարուցել ու կրկին ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին՝ քննություն իրականացնելու համար:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության պետ Տիգրան Ուլիխանյանի հայրը՝ 58-ամյա Արմեն Ուլիխանյանը, որը բնակվում է Վանաձորում, ջանասիրաբար մասնակցում է Լոռու մարզպետարանում քաղծառայողների համար հայտարարված մրցույթներին, սակայն չի հաղթում։ Որպես կանոն՝ կտրվում է հենց գրավոր փուլում։ Վերջին մրցույթը, որին նա մասնակցել է, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի մրցույթն է։ Տիգրան Ուլիխանյանին հարցրինք՝ հաճա՞խ է հայրը մասնակցում մրցույթներին, ինքը չի՞ միջամտում։ Ասաց․ «Ես չգիտեմ, թե որքան հաճախ է մասնակցում, բայց այն, որ ես չեմ միջամտում, կարծում եմ՝ տեսանելի է, եւ դա իրապես այդպես է, ես այդպիսի բնավորություն չունեմ․․․ ես որեւէ կերպ որեւէ նշանակման առումով չեմ խառնվում եւ ասեմ, որ ես ունեմ այն ազնվությունը, որ եթե միջամտած լինեի, ապա հստակ կհայտարարեի, որ միջամտել եմ։ Ես այդ մարդը չեմ, նման թեմաներն ինձ հարիր չեն»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում նախագահ Արմեն Սարգսյանը հաճախ է դիմում Սահմանադրական դատարան՝ ԱԺ-ի ընդունած օրենքների սահմանադրականության հարցով։ Վերջին դիմումը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքին եւ հարակից 22 օրենքներին է վերաբերում։ Մինչ այդ 4 դիմում էլ կար ՍԴ-ում։ ՍԴ մամուլի պատասխանատու Եվա Թովմասյանը մեզ տեղեկատվություն տրամադրեց․ նախագահը վիճարկում է «ՀՀ դատական օրենսգիրք» եւ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքներում փոփոխությունների մի քանի հոդվածները, դիմումի քննությունը կկայանա մայիսի 25-ին։ Հաջորդը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն է, որը վիճարկելու անհրաժեշտությունն առաջացավ ԶՈՒ նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման ընթացքում․ քննությունը տեղի կունենա հունիսի 1-ին։ Նախնական ուսումնասիրման փուլում են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ դրա հետ փոխկապակցված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շուրջ մեկ տարի առաջ հայ-վրացական հարաբերություններում խոշոր սկանդալ էր պայթել. Հայաստանի այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կասկածի տակ էր դրել Վրաստանի կառավարության կողմից տարվող հակակորոնավիրուսային քաղաքականության արդյունավետությունն ու ասել, որ չի հավատում վրացական իշխանությունների` վարակվածների մասով հնչեցրած թվերին` ակնարկելով դրանց խիստ նվազեցված լինելու մասին: Թորոսյանի այդ հայտարարությունը հանգեցրել էր նրան, որ Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ խիստ արձագանքեցին հայ պաշտոնյայի ասածին, իսկ հասարակական շրջանակներում նախարարի ասածը մեկնաբանվեց որպես մասնագիտական նախանձ՝ ուղղված հարեւան երկրի առողջապահական համակարգին:  Ինչպես հիշում եք, սույն սկանդալից կարճ ժամանակ անց Վրաստանում համաճարակը ստացավ ահագնացող չափեր ու ստիպեց կառավարությանը գնալ երկիրը փակելու ճանապարհով: Վրաստանում սույն սահմանափակուները գործում են նաեւ այսօր, վարակվածների թիվն անցել է 300 հազարից, իսկ գրանցված մահացածները 4000-ից ավելին են: Հայաստանում էլ կորոնավիրուսով վարակվածների ու համավարակից մահացածների թվերը շատ չեն տարբերվում, միայն մի տարբերությամբ, որ այս ընթացքում Հայաստանն անցավ պատերազմով, իսկ սահմանափակումները այդքան խիստ չէին։ Քանի որ Վրաստանում Արսեն Թորոսյանի ասածները լայնորեն լուսաբանվել ու քննարկվել էին, հիմա էլ նշմարվում է հակառակ գործընթացը, երբ Վրաստանում հասարակական որոշ շերտեր մեղադրում են իրենց երկրի ղեկավարներին ժամանակին իրականությունը թաքցնելու մեջ: Մտքեր են հնչում, որ հայերը ճիշտ էին ու ազնիվ իրենց քաղաքացիների հետ, եւ ենթադրում, որ անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին Վրաստանում վարակվածներն արդեն մեծ թիվ էին կազմում, սակայն դա կա՛մ չէր հրապարակվում, կա՛մ մարդիկ չէին թեստավորվում: Այն, որ Արսեն Թորոսյանը չպետք է նման հայտարարություն աներ, կասկածից վեր է, այլ պետությանը քննադատելը, մեղմ ասած, չէր կարող նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը, բայց արդյունքում պարզվեց, որ Թորոսյանը ճիշտ էր, վրացիները սխալվեցին»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի պետական համալսարանում անկառավարելի վիճակ է. համալսարանն առայսօր հոգաբարձուների խորհուրդ չունի, իսկ մարտի 23-ից անո­րոշ ժամկետով հետաձգված ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը մնում է առկախ, քանի որ հենց ԵՊՀ խորհուրդն է ռեկտոր ընտրում: Այսինքն՝ այս պահի դրությամբ Երեւանի պետական համալսարանը չունի խորհուրդ, խորհրդի նախագահ եւ ռեկտոր: Ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը հրաժարվեց ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ապրիլի 23-ին: Եվ ահա, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հայտնվել է խնդրի առջեւ, քանի որ իր ծրագիրը չի կատարվել: Բանն այն է, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նա­խարար Դումանյանը մտածել է, թե կկարողանա «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ստո­րագրել տա: Այդ դեպքում նախարարը կկարողանար Երեւանի պետական համալսարան ուղարկել իր մարդկանց (խոսքը խորհրդի անդամների մասին է), որոնք կառավարելի կլինեին եւ կկարողանային իրենց սրտով ԵՊՀ ռեկտոր ընտրել: Սակայն ԵՊՀ-ում կան ուժեր, որոնք Վահրամ Դումանյանի դեմ են աշխատում եւ չեն ցանկանում որեւէ կերպ նրան ռեկտորի պաշտոնում տեսնել: Այն մարդիկ, որոնք վստահում էին նախկին պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին, պարզվում է, վերջինս խաղերի մեջ է: Եվ ահա, ԵՊՀ-ում անիշխանություն է տիրում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ են պտտվում, որ Արցախի իշխանությունները եռատոնից երկտոնի վերածված մայիսի 9-ին (որը նաեւ Շուշիի ազատագրման օրն է) Ստեփանակերտի հրապարակում մեծ համերգ են նախատեսում։ Արցախցիները վրդովված են այդ լուրերից՝ համարում են, որ 44-օրյա պատերազմից հետո համերգ կազմակերպելը մեր նահատակների հիշատակն անարգելուն համազոր բան է։ Սակայն ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը երեկ մեզ փոխանցեց․ «Գոնե այս պահին Ստեփանակերտի հրապարակում մեծ միջոցառման մասին խոսք չկա»։ Ինչ վերաբերում է օրվա այլ միջոցառումներին, ասաց՝ մշակույթի նախարարությունն է դրանցով զբաղվում, իսկ նախագահի հրամանով որեւէ հանձնաժողով չի ձեւավորվել, որը կզբաղվեր միջոցառումներով։ Մշակույթի նախարարությունից չպատասխանեցին, սակայն պարզեցինք, որ այդ օրը ԼՂ-ում գտնվող ռուս խաղաղապահներն են պատրաստվում մեծ շքերթ անցկացնել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձին նվիրված։ Ստեփանակերտի օդանավակայանին մոտ Իվանյան համայնքում օրերս փորձ է անցկացվել, ներգրավված է եղել շուրջ 400 ռուս զինծառայող։ Արցախի իշխանական շրջանակները վստահեցնում են, որ շքերթը լինելու է ոչ թե Ստեփանակերտի հրապարակում, այլ՝ Իվանյան համայնքում։


 

Սերժ Սարգսյան-Արթուր Վանեցյան հանդիպումների փաստը չպետք է զարմանալի լինի. խոսնակ
Հաջորդ նորություն next
 Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը
14.11.2024
Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը