Արման Թաթոյանը բարձրաստիճան հանդիպմանը ներկայացրել է ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակը
Ապրիլի 26-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ զեկույցով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ, բազմակողմանի և անկախ ազգային հաստատությունների զարգացման և ուժեղացման» վերաբերյալ հանձնարարականի քննարկմանն ուղղված բարձրաստիճան հանդիպմանը:
ՄԻՊ-ից հայտնում են, որ հանդիպմանը, որը կազմակերպվել է Եխ-ում Գերմանիայի նախագահությամբ և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) կողմից, մասնակցել են եվրոպական Մարդու իրավունքների ազգային հաստատությունների և Եվրոպայի խորհրդի մարմինների ղեկավարները, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտո Սպանոն, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, Վենետիկի հանձնաժողովի և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի ներկայացուցիչները:
Հանդիպման նպատակն է ուսումնասիրել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների հետ համագործակցության և օժանդակության համատեքստում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության ուղիները, ուժեղացնել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) դերը մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության խթանման և պաշտպանության ոլորտներում:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է, որ հաստատությունը երրորդ կողմ է ներգրավվել ՄԻԵԴ-ում ներկայացված Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով, որը բացառիկ պրակտիկա է և ներկայացվում է տարբեր երկրներում որպես միջազգային լավագույն փորձի օրինակ:
Արման Թաթոյանը խոսել է նաև այն մասին, որ Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը դիրքորոշումներ (Rule 9 submission) է ներկայացնում Հայաստանին վերաբերող գործերով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե վճիռների կատարման վերաբերյալ՝ համագործակցելով նաև քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:
Հանդիպման շրջանակներում քննարկվել են ԵԽ Հանձնարարականի կիրառման առանձնահատկությունները, մասնավորապես՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախ, արդյունավետ և բազմակողմանի աշխատանքի արդի մարտահրավերները: