Առաջիկա ընտրություններում ընտրակեղծիքների հնարավորության մասին այսօր խոսում են այն քաղաքական ուժերը, որոնք իրենց կառավարման շրջանում ակնհայտ միջամտություն էին թույլ տալվել ընտրական գործընթացներին։
Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը՝ անդրադառնալով մի շարք քաղաքական գործիչների այն հայտարարություններին, թե լինելով վարչապետի պաշտոնակատար՝ Նիկոլ Փաշինյանը գնալու է ընտրակեղծիքների՝ սեփական իշխանության վերարտադրությունն ապահովելու համար։
Եղոյանն ընդգծեց, որ նման հայտարարությունները քաղաքական շահարկումների տարր են, այլ ոչ թե փաստերի ուսումնասիրության արդյունք: Ընտրությունները կազմակերպում է ոչ Նիկոլ Փաշինյանը, իսկ ԿԸՀ-ն անկախ կառույց է, հայտարարել է պատգամավորը:
«Եթե արձանագրվեն խախտումներ, չարաշահումներ կամ միջամտություններ ընտրական գործընթացին, դա կդառնա առանձին քննության առարկա։ Բայց չի կարելի նման հայտարարություններ անել՝ ոչ մի բանի վրա հիմնվելով», - հայտարարել է նա։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե որքանով կարելի է վստահել Տիգրան Մուկուչյանի ղեկավարած ԿԸՀ-ին, որին նախկինում գործող իշխանության ներկայացուցիչները մեղադրում էին կեղծարարություններին մասնակցելու մեջ: Ի պատասխան Եղոյանը նշեց, որ խնդիրը ոչ թե Մուկուչյանի մեջ էր, այլ քաղաքական համակարգում:
Նա ընդգծել է, որ 2018 թվականին ԿԸՀ գործող ղեկավարի օրոք անցկացվել են ընտրություններ, որոնց արդյունքները ոչ ոք չի վիճարկել։ Բայց նույն Մուկուչյանն ու նրա գրեթե բոլոր նախորդները նախորդ իշխանությունների օրոք քննադատության են ենթարկվել կեղծարարություններին մասնակցելու պատճառով։
«Այստեղ հարցը ոչ թե մարդկանց մեջ է, այլ համակարգում։ Քաղաքական ղեկավարությունը կամ միջամտում է ընտրական գործընթացին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով, կամ՝ ոչ», - հայտարարել է Եղոյանը։