Նիկոլ Փաշինյանը չի խախտել օրենքը՝ դառնալով վարչապետի պաշտոնակատար. Արման Եղոյան
Նախօրեին «տեխնիկական հրաժարական» տված վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն օրենսդրության խախտում չեն համարում վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակով նրա աշխատանքը: Այս մասին ասել է "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Եղոյանը նշեց, որ բոլոր նրանք, ովքեր դա խախտում են համարում, պետք է նշեն, թե կոնկրետ որ հոդվածն է խախտվել և կոնկրետ որ օրենքի։ Եղոյանն ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն՝ կառավարության հրաժարականից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունները կատարել մինչև նոր կառավարության ձևավորումը: Պատգամավորը լրագրողներին հիշեցրեց, որ վարչապետն ու փոխվարչապետները կառավարության անդամներ են, ուստի այդ դրույթը տարածվում է նաև նրանց վրա:
Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել 2018 - ին հենց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե հրաժարական տված Սերժ Սարգսյանն իրավունք չունի զբաղեցնել վարչապետի պաշտոնը, Եղոյանը պատասխանել է. «Եթե հրաժարական տված վարչապետը չի ցանկանում կատարել այդ պարտականությունները, դա բոլորովին այլ հարց է»: Պատգամավորը խոստովանել է, որ չգիտի պատճառները, որոնց վերաբերյալ 2018-ին այլ որոշում է կայացվել՝ դա կապելով բացառապես «կոնկրետ մարդու» ցանկության հետ. «հնարավոր է՝ տեղի ունեցող բողոքի ակցիաների եւ հանրային ճնշման հետ»:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք իշխող ուժի մեջ է եղել վարչապետի պաշտոնակատարի՝ Փաշինյանի տեղակալներից մեկի նշանակման հնարավորության մասին քննարկում, պատգամավորը նշեց, որ ինքը նման քննարկումներին չի մասնակցել և կասկածում է, որ դրանք ընդհանրապես տեղի են ունեցել: