ԸՕ փոփոխությունները ողջունելի են, բայց շտկումների կարիք կա. Վենետիկի հանձնաժողով
Վենետիկի հանձնաժողովը ողջունել է Հայաստանում Ընտրական օրենսդրության փոփոխությունները, սակայն հետագա բարեփոխումների անհրաժեշտություն է տեսնում, հայտնում է 1lurer.am-ը:
Եվրոպայի խորհրդի Սահմանադրական իրավական փորձագետների մարմինը՝ Վենետիկի հանձնաժողովը, և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն այսօր հրատապ համատեղ եզրակացություն են հրապարակել Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքում և հարակից օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Ուսումնասիրելով փոփոխությունների՝ միջազգային չափանիշների հետ համապատասխանությունը, եզրակացության համաձայն, փաթեթը հիմնականում ողջունելի է, սակայն կա որոշ փոփոխությունների, շտկումների առաջարկ:
Նշվում է, որ կարծիքը տրամադրվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի խնդրանքով՝ 2021-ի մարտի 4-ին։ 2021-ի ապրիլի 1-ին Ազգային ժողովն ընդունել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների առաջին փաթեթը՝ ռեյտինգային ցուցակների վերացման վերաբերյալ՝ 82 կողմ և 0 ձեռնպահ ու դեմ ձայներով: Սպասվում է օրենքում փոփոխությունների ստորագրումը։
Նշվում է նաև, որ առաջարկությունը վերացնում է ռեյտինգային թեկնածուների ցուցակները՝ ստեղծելով բացառապես համամասնական ընտրակարգ: Վենետիկի հանձնաժողովը և ԺՀՄԻԳ-ը գոհունակությամբ նշում են, որ բարեփոխումն անցել է լայն խորհրդակցությունների ուղիով՝ տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքի միջև, և տեղի է ունեցել պատշաճ ժամկետում՝ ապահովելով փոփոխությունների հնարավորինս լայն աջակցությունը:
Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նշել են, որ պատրաստ են աջակցել Հայաստանի իշխանություններին` Ընտրական օրենսգիրքը և համապատասխան օրենսդրությունը վերանայելու հարցում: