23.11.2024
Հայաստանում մարտ ամսին աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով. ՊԵԿ
prev Նախորդ նորություն

Դեսպան Մինասյանը Ռումինիայի Սենատում խոսել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին

Ռումինիայում դեսպան Սերգեյ Մինասյանն ապրիլի 15-ին հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանին: Այս մասին հայտնեցին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից:


Հանդիպմանը ռումինական կողմից մասնակցել են նաև հանձնաժողովի փոխնախագահ Ռոբերտա-Ալմա Անաստասեն և քարտուղար Քրիստիան Բորդեյը։


Շնորհավորելով սենատորներին իրենց պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպանը զրուցակիցներին ներկայացրել է նախորդ տարիներին Ռումինիայի և Հայաստանի միջև միջխորհրդարանական երկխոսության դրական դինամիկան։


Սենատորները հույս են հայտնել, որ համավարակի նվազմանը զուգընթաց հնարավոր կլինի ակտիվացնել նաև միջխորհրդարանական փոխշփումներն ու համագործակցությունը:


Կողմերն երկուստեք ընդգծել են ՀՀ-Եմ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ուժի մեջ մտնելու կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն երկու երկրների համար համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի, հատկապես, Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի համատեքստում։


Հանդիպման ընթացքում դեսպան Մինասյանը հատուկ անդրադարձել է նաև 2020թ. աշնանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային՝ զրուցակիցների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդների վերադարձի, հայկական պատմամշակությային ժառանգության պահպանության հրատապության հարցերին:


Դեսպանը սենատորների ուշադրությունն է հրավիրել նաև օրերս Բաքվում բացված արցախյան պատերազմին նվիրված այսպես կոչված «ռազմական ավարի պուրակ»-ին՝ ներկայացնելով Ադրբեջանում ամենաբարձր քաղաքական մակարդակով իրականացվող հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ցեղասպան մտադրությունների դրսևորման բացահայտ փաստերը:


Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ռումինահայ համայնքի կարևոր դերակատարությունն ինչպես Ռումինիայի հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում, այնպես էլ Հայաստանի և Ռումինիայի ժողովուրդների բազմադարյա բարեկամական հարաբերությունների կերտման գործում։