Կառավարությունը որոշել է սահմանափակել ամանորյա և սուրբծննդյան հանգստյան օրերի թիվը։ Առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը, 7-ը դարձնել աշխատանքային օրեր, որին կառավարության այսօրվա նիստում դեմ արտահայտվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Ըստ նրա՝ աշխարհի գրեթե ոլոր երկրներում տոների և հիշատակի օրերի ժամանակ, եթե համարվում են ոչ աշխատանքային օրեր և եթե դրանք համընկնում են շաբաթ-կիրակի օրերի հետ, դրանք փոխարինվում են լրացուցիչ օրերով։ Այսինքն՝ օրենսդրությամբ քաղաքացին ամրագրված ունենում է իր հանգստի օրերի թիվը, ինչը Հայաստանում չկա։
Որոշման նախագիծը ներկայացրած էկոնոմիկայի նախարարությունը բերել է հիմնավորումներ, ըստ որոնց՝ հանգստյան օրերի նման քանակն ազդում է տնտեսության վրա։ Ըստ նախարարության հաշվարկների՝ հինգ լրացուցիչ աշխատանքային օր հունվարին ունենալու դեպքում համախառն ներքին արտադրանքը կաճի 88,6 միլիարդ դրամով, առևտուրը՝ 47,5 միլիարդ դրամով, արդյունաբերությունը՝ 35,4 միլիարդ դրամով, ծառայությունները՝ 34 միլիարդ դրամով, գյուղատնտեսությունը 3,5 միլիարդ դրամով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կարծիքով, Ամանորի օրերը աշխատանքային դարձնելու դեպքում հանգստի, ծառայությունների ու առևտրի ոլորտները վնասներ կկրեն։
«Նոր տարվա օրերն ինչքան երկար են, այնքան առևտուրն ավելի շատ է լինում, մարդիկ ավելի շատ են գնում հանգստյան տուն։ Այսինքն՝ հունվարի այդ 7 օրվա ընթացքում ներքին տուրիզմը մեծ բում է ապրում, քանի որ մարդիկ գնում են հանգստի։ Սրա բացակայության դեպքում ներքին տուրիզմը Նոր տարվա համար գրեթե վերանալու է, և դա տնտեսության վրա լուրջ անդրադարձ է ունենալու։ Տոն օրրեին տնտեսությունն ամբողջությամբ գրեթե աշխատում է՝ առևտրի, սապարկման ոլորտները, բանկերը, բոլորն աշխատում են»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Քերոբյանն ասաց, որ իրենց վերլուծական կենտրոնը բավական խորն ուսումնասիրել է այս հարցրեը։ «Մի կողմից դուք ճիշտ եք, բայց մյուս կողմից ես կարող եմ ասել, որ բազմաթիվ ռեստորաններ են փակ, խանութներն են փակ այս օրերին, և ամեն ինչ կանգնած է»,- հավելեց Քերոբյանը։
Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ առաջարկում է 5 օրվա փոխարեն 3 օր սահմանել աշխատանքային՝ հունվարի 4-ը, 5-ը և 7-ը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ընդունել նախագիծն ու շարունակել քննարկումը, հարկ եղած դեպքում այն հետ կկանչեն։