ԱԺ-ում քննարկել են կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման արդյունքները
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 6-ի նիստում Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցով հանդես եկան ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
ֆինանսների նախարարի խոսքով` հաշվետվության ներկայացումը խորհրդարանում նոր ինստիտուտ է. առաջին անգամ նման զեկույց ներկայացվել է 2020-ին: Այս տարի եւս փորձ է արված պահպանելու կատարողականի ներկայացման նույն տրամաբանությունը, ինչ նախորդ տարի:
Նախարարն ընդգծեց, որ կառավարության կողմից ընդունվել է պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, որում նախանշվել են հիմնական բարեփոխումները. «Ռազմավարությունը ներառել է 14 ոլորտ, որում ընդգրկված է 27 բաղադրիչ 57 թիրախներով եւ 63 կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշներով»:
Ներկայացնելով Ֆինանսների նախարարության կողմից իրականացված միջոցառումները՝ նշվեց, որ 2020-ի համար նախատեսված էր 4 միջոցառում իր ուղղություններով: Խոսքը վերաբերում է մակրոտնտեսական եւ բյուջետային ցուցանիշների կանխատեսումներին, պետական եկամուտների քաղաքականությանը, ռազմավարական պլանավորմանը, բյուջեի կատարման գործընթացի նախնական հսկողությանը, պետական պարտքին, հանրային հատվածի հաշվապահական հաշվառմանը: