ՀՔԾ-ն թույլ չի տվել Իշխան Սաղաթելյանին 3 օրով բացակայել երկրից
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանին թույլ չի տվել 3 օրով բացակայել երկրից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իշխան Սաղաթելյանը։
«Ինչպես գիտեք անցած տարվա նոյեմբերից ինձ մեղադրանք են առաջադրել ապօրինի հավաք կազմակերպելու վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Փորձեցին ինձ ապօրինի կալանավորել ՝ չկարողանալով՝ կիրառեցին այլ խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին, դրանով սահմանափակելով իմ ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Կուսակցության քաղաքական գործունեության հետ կապված կարեւոր գործ ունեի արտերկրում եւ դիմել էի ՀՔԾ երկրից 3 օրով բացակայելու թույլտվություն ստանալու համար:
Երեկ ստացել ենք մերժման որոշումը։ Քննիչն իր մերժումը հիմնավորել է բացառապես այն հանգամանքով, թե այլ վայրում գտնվելու ընթացքում գուցե հնարավոր չլինի հսկել իմ ոչ պատշաճ վարքագիծը։
Տպավորություն ունեմ, որ քննիչն անգամ չի փորձել ոչ միայն իրավական առումով հիմնավորված, այլ գոնե հոդաբաշխ հիմնավորում գտնել:
Մեկ անգամ եւս արձանագրենք, որ ՀՔԾ-ն ի դեմս Սասուն Խաչատրյանի եւ իր խամաճիկների շարունակում է կատարել խելագարի ապօրինի հրահանգները եւ որոշումները՝ դիմելով նոր ապօրինությունների։
Ինչեւէ, մեր դեմ նման ճղճիմ միջոցներով իրականացվող հետապնդումը միայն ամրապնդում է պայքարը շարունակելու մեր կամքը օր առաջ ունենալու առանց թուրքի Հայաստան»,- գրել է նա։