24.11.2024
Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՌԴ Գերագույն դատարանի նախագահը
prev Նախորդ նորություն

Հայաստանի արտգործնախարարն ապրիլի 1-ին կմեկնի Մոսկվա

Ապրիլի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի քննարկումներում։


Նախարարը նշել է, որ այս պահին երկկողմ կամ եռակողմ ձևաչափով հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություններ չկան: Թեեւ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումներ նախատեսված չեն, Այվազյանը չի բացառում շփումների հնարավորությունը ԱՊՀ գործընկերների հետ գագաթնաժողովի շրջանակում:


Խոսելով մոտ ապագայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման հնարավորության մասին՝ Այվազյանը տեղեկացրել է, որ համանախագահների հետ շփումները, ինչպես դեսպանի մակարդակով, այնպես էլ ԱԳՆ ղեկավարների մակարդակով, պարբերաբար անցկացվում են։


«Ես հատուկ նշել եմ, որ մենք, ինչպես Հայաստանը, այնպես էլ ամբողջ տարածաշրջանը, կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության։ Այժմ ընթանում են տարբեր պարամետրերի քննարկումներ։ Ես չեմ բացառում, որ մոտ ապագայում հանդիպումներ կլինեն», - ասել է նախարարը։


Նա նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսմամբ։ «Սակայն մեզ անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահություն։ Համանախագահները պետք է ոչ միայն արձանագրեն ստեղծված իրողությունները, այլև կարողանան ղեկավարել գործընթացը», - ասել է նախարարը։


Այվազյանը նշել է, որ Արցախի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մեջ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի պատասխանատվության բաժինը, քանի որ հենց համանախագահներն իրենց մանդատի շրջանակներում պետք է թույլ չտային ռազմական գործողություններ։