Նոր պատգամավոր և նոր փոխնախարարը. Սուրեն Գրիգորյանը վայ է դնում մանդատը
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը մարտի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:
Մամուլում շրջանառվող տեղեկություններով` Սուրեն Գրիգորյանի կողմից մանդատը վայր դնելը պայմանավորված է գործադիր մարմնում աշխատանքի անցնելու առաջարկով:
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկա Սուրեն Գրիգորյանը կնշանակվի արդարադատության փոխնախարար:
Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում հաջորդ համարը փաստաբան Միսակ Բաբաջանյանն է, սակայն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:
Ցուցակում նրան հաջորդում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը: Նա վերցնելու է մանդատը: