ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը հակված է կարծելու, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը շատ բարձր է։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա խոսքով՝ դրան նպաստող պատճառները երկուսն են. ինչպես երկկողմ ամերիկա-թուրքական հարաբերությունների հարթությունը, այնպես էլ գլոբալ իրավիճակը։
«Բայդենի գալու հետ Վաշինգթոնի եւ Անկարայի հարաբերությունները բավական լարված են։ Դա գաղտնիք չէ։ Թուրքական կողմն արդեն երկար ժամանակ փորձում է կազմակերպել երկու առաջնորդների հեռախոսազրույցը, սակայն Բայդենի վարչակազմից մինչ օրս արձագանք չկա։ ԱՄՆ նախագահը բազմիցս ասել է, որ Մարդու իրավունքները առանցքային տեղ կզբաղեցնեն իր արտաքին քաղաքականության մեջ», - ասել է Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ Ցեղասպանության հարցը դիտարկվում է նաեւ Մարդու իրավունքների պրիզմայով։
Ընդ որում Սաֆրաստյանը հիշեցրել է, որ օրերս շուրջ քառասուն կոնգրեսականներ արդեն դիմել են նախագահին՝ կոչ անելով ճանաչել Ցեղասպանությունը, այդ թվում՝ ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները:
«Հաշվի առնելով, թե ինչ լուրջ լարվածություն է տիրում երկու կուսակցությունների հարաբերություններում, նման համախմբումը շատ խոսուն կերպով վկայում է Ցեղասպանության շուրջ կոնսենսուսի մասին», - համոզված է փորձագետը:
Ինչ վերաբերում է «գլոբալ գործոնին», Սաֆրաստյանը նշում է, որ «ԱՄՆ-ի շահերն այժմ աստիճանաբար տեղափոխվում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, Մերձավոր Արեւելքը, որը տասնամյակներ շարունակ ամերիկյան քաղաքականության գերակա ուղղությունն էր, այժմ կորցնում է այդ կարգավիճակը»:
«Համապատասխանաբար Թուրքիան, որպես տարածաշրջանում ԱՄՆ առանցքային գործընկեր, նույնպես կորցնում է իր նախկին հետաքրքրությունն ու դերը ամերիկյան ղեկավարության աչքերում», - նշում է փորձագետը:
VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 19-ին հրապարակվել է ԱՄՆ Սենատի 38 անդամների նամակը՝ ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որում սենատորները կոչ են արել նախագահին օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իր առաջիկա հայտարարության մեջ: Սենատորները պահանջել են պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հիշեցնելով, որ նախագահ Բայդենն ավելի վաղ ճանաչել է այդ փաստը՝ այդ հարցը ներառելով իր նախընտրական արշավի մեջ: Սենատորները նախագահին կոչ են արել չմոռանալ նախընտրական խոստման մասին։
Սենատորները հիշեցրել են, որ Բայդենի վարչակազմը պարտավորություն է ստանձնել ամերիկյան քաղաքականությունը կառուցել մարդու իրավունքների եւ ամերիկյան արժեքների պաշտպանության հիման վրա: