ԱԺ-ում փակ քվեարկություն է. պատգամավորներն ընտրում են Վճռաբեկ դատարանի անդամին
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը, ի տարբերություն իր մրցակից Արմեն Հայկյանցի, չի հրաժարվել պատասխանել պատգամավորների հարցերին՝ նշելով, որ «առաջնորդվում է Ազգային ժողովում քննարկվող ընթացակարգով»:
«Ես պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին՝ դրանով լրացնելով այն բացը, որը կարող էր մնալ առաջին փուլի քննարկումների արդյունքում», - հայտարարել է Մկրտչյանը: Չնայած թեկնածուի պատրաստակամությանը՝ պատգամավորներից ոչ մեկը չի գրանցվել, որպեսզի հարց ուղղի թեկնածուին։
«Պարոն Մկրտչյան, ձեր վերջին առաջարկն, ըստ էության, բոլոր հարցերի պատասխանն էր: Շնորհակալ ենք», - հայտարարել է խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ Վճռաբեկ դատարանի անդամի թեկնածու Արմեն Հայկյանցը հրաժարվել է պատասխանել պատգամավորների հարցերին՝ ընդգծելով, որ հարցերին պատասխանելով կխախտի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված ընթացակարգերը, որոնք չեն նախատեսում երկրորդ փուլի շրջանակներում թեկնածուի «հարց ու պատասխան» փուլը:
Ներկայումս խորհրդարանի նախասրահում փակ քվեարկություն է ընթանում։ Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի անդամի ընտրությունները պետք է տեղի ունենային դեռ անցյալ տարեվերջին՝ այս տարվա սկզբին, սակայն սկզբում թեկնածուները խորհրդարանին կոչ էին անում հարցի քննարկումը հետաձգել ներքաղաքական բարդ իրավիճակի լույսի ներքո, որը ձեւավորվել է ռազմական գործողություններում պարտության ֆոնին:
Այնուհետև թեկնածուների ընտրությունները փաստացի տապալվեցին խորհրդարանական մեծամասնության կողմից, որոնք բոյկոտեցին քվեարկությունը՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ում մեղադրում էին քաղաքական գործընթացներին միջամտելու և քաղաքական չեզոքության բացակայության մեջ։