Հայ-ռուսական հարաբերությունների թեման շարունակում է մեծ պահանջարկ ունենալ հայաստանյան տեղեկատվական դաշտում: Երկրի ներքաղաքական իրավիճակը և տարածաշրջանում նոր իրողությունները մեծացրել են հայկական լրատվամիջոցների հետաքրքրությունը ինչպես Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի, այնպես էլ առհասարակ հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ:
«Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբը բազմիցս մշտադիտարկել է հայաստանյան առաջատար տեղեկատվական ռեսուրսները ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները լուսաբանելու համատեքստում: Այս դիտարկումները ցույց են տալիս, որ հաճախ երկու երկրների հարաբերությունների լուսաբանումը գործիք է դառնում տեղեկատվական որոշ ռեսուրսների ձեռքում, որոնք, այս կամ այն նպատակով, զբաղվում են ոչ լիարժեք ու ոչ օբյեկտիվ տեղեկատվության ներկայացմամբ:
Հայ-ռուսական հարաբերությունների լուսաբանման համատեքստում հայաստանյան լրատվամիջոցների հերթական մշտադիտարկման անհրաժեշտությունը պայմանավորված է և՛ Արցախյան վերջին պատերազմով, և՛ Անդրկովկասում աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխությամբ, և՛ ՀՀ-ում ներկայիս ներքաղաքական իրավիճակով:
Տվյալ՝ «Հայ-ռուսական հարաբերությունների շուրջ տեղեկատվական շահարկումները ղարաբաղյան հակամարտության համատեքստում» թեմայով զեկույցը պատրաստվել է 5 հայաստանյան էլեկտրոնային լրատվամիջոցների, ինչպես նաև Facebook սոցիալական ցանցում հայտնի հասարակական և քաղաքական գործիչների հրապարակումների հիման վրա, որն ընդգրկում է 2020-2021 թթ. դեկտեմբեր-փետրվար ժամանակահատվածը: Տեղեկատվական ռեսուրսները պայմանականորեն բաժանվել էին մի քանի խմբերի՝ հիմնվելով խմբագրական քաղաքականության վրա, որը նրանք վարում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական ուղղություններով (իշխանամետ ՝ «Հայկական ժամանակ»; ընդդիմադիր «News.am», «168.am», «Hraparak.am»; արևմտամետ՝ «Lragir.am», «1in.am» և «Factor.am»):
«Ժողովրդի ձայնը» ակումբի լրատվական ծառայությունից հայտնում են, որ մշտադիտարկումը հիմնված է քանակական (լրատվամիջոցների հրապարակումների քանակ, դրանց ընդհանուր տոնայնություն, լուսաբանման դինամիկա նաև 2019-ի համեմատ) և որակական վերլուծությունների վրա (լրատվամիջոցների և Facebook հրապարակումների բովանդակություն):
Մոնիթորինգի արդյունքները
Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ 2020-2021 թթ. դեկտեմբեր-փետրվար ամիսներին հա-ռուսական երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև ՀԱՊԿ-ին վերաբերող թեմաների լուսաբանումը Հայաստանում աննախադեպ էր հրապարակումների քանակի առումով՝ շուրջ 4500 հազար հրապարակում:
Դրանք կարելի է բաժանել հետևյալ խմբերի.
• դրական - 1173;
• չեզոք - 2470;
• բացասական - 857:
«Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբը նմանատիպ մշտադիտարկում նույն թեմայի շուրջ իրականացրել է նաև 2019 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Նշված ժամանակահատվածում ուսումնասիրվել է ավելի քան 3000 հրապարակում՝ 1674-ը չեզոք, 515-ը՝ բացասական և 838-ը՝ դրական: Այսպիսով, 2019-ի համեմատությամբ այս տարի ուսումնասիրվող թեմայի նկատմամբ ուշադրությունը զգալիորեն ավելացել է:
2019-ին բացասական հրապարակումներն ավելի քիչ էին, քան դրականները: Նման իրավիճակ է նաև 2020-2021 թվականներին: Դրական և բացասական հրապարակումների հարաբերակցությունը մոտավորապես նույնն է, ինչ 2019-ին, այնուամենայնիվ, հայ-ռուսական հարաբերությունների շուրջ շահարկումները, բայց արդեն ղարաբաղյան հակամարտության համատեքստում, շարունակվել են:
Հրապարակումների հիմնական թեմաները
Հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հրապարակումների քանակի աճն ակնհայտորեն կապված է Արցախյան պատերազմի և Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնության աճող դերի հետ: Լրատվամիջոցների հիմնական ուշադրությունը սևեռվեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրին, Արցախում ՌԴ խաղաղապահ գործունեությանը, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական գործընթացներում Ռուսաստանի դերին:
Հատկանշական է, որ ընդդիմադիր լրատվամիջոցները հիմնականում բացասաբար են գնահատել իրենց հրապարակումներում եռակողմ համաձայնագիրը, սակայն դրական կերպով են ներկայացրել իրավիճակի կայունացման գործում ռուս խաղաղապահների դերը: Իշխանամետ լրատվամիջոցը, ելնելով քաղաքական նկատառումներից, այս թեման լուսաբանել է բացառապես դրական կերպով:
Իրենց հերթին, արեւմտամետ լրատվամիջոցները շարունակել են իրենց շահարկումները: Այդպես, «Լրագիր» կայքը 2021 թվականի հունվարի 13-ին հոդված է հրապարակել հետևյալ խորագրով. «Ալիևը վճարե՞լ է Ռուսաստանին հայերի և Ղարաբաղի պարտության համար»:
Արևմտամետ լրատվամիջոցները, ըստ «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետների, օգտագործում են տեղեկատվություն ներկայացնելու մանիպուլյատիվ մեթոդներ՝ հաճախ հասարակությանը մոլորության մեջ գցելու նպատակով ու Արցախում Ռուսաստանի միջնորդությունը ներկայացնում են որպես ռուս-թուրքական դավադրություն Հայաստանի դեմ: Նման իրավիճակ է նաև Facebook-ում արևմտամետ ուղղվածություն ունեցող հասարակական և քաղաքական գործիչների հրապարակումների հետ կապված: Դրանք մեծամասամբ ունեն հետևյալ բովանդակությունը. «Ռուսաստանը համաձայնության է եկել Թուրքիայի և Ադրբեջանի հետ», «Ռուսաստանը փոխանակեց իր շահերը Հարավային Կովկասում Սիրիայի և Ուկրաինայի դիմաց», «Ռուսաստանը լքեց Հարավային Կովկասը՝ թողնելով իր դաշնակցին» և այլն: Այս ԶԼՄ-ների և գործիչների հրապարակումները շահարկումներ են պարունակում նաև ՀԱՊԿ-ի գործունեության վերաբերյալ:
Այս թեմայով բազմաթիվ նյութեր նպատակ ունեին վնաս հասցնել կազմակերպության իմիջին և հայ հասարակությանը ցույց տալ այս ռազմական դաշինքի անարդյունավետությունը: Սա այն դեպքում, երբ Հայաստանը օգնություն չի խնդրել ՀԱՊԿ-ից և իշխանությունները բազմիցս են հայտարարել այդ մասին: Հրապարակումներն ունեին հետևյալ բովանդակությունը. «ՀԱՊԿ-ը դավաճանեց իր դաշնակցին» կամ «ՀԱՊԿ-ը ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի դաշնակիցն է»:
Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակը ևս առանձին հրապարակումների ակտիվ թեմա է հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում: Լրատվամիջոցները, ելնելով իրենց խմբագրական քաղաքականությունից, փորձում են իրավիճակը մեկնաբանել տարբեր ձևերով:
Ընդդիմադիր, իշխանամետ և արևմտամետ լրատվամիջոցները նշում են Ռուսաստանի հատուկ դերը ՀՀ ներքաղաքական իրավիճակում: Այնուամենայնիվ, նրանք բոլորը դա յուրովի են մեկնաբանում: Այդպես, ընդդիմադիր լրատվամիջոցները որոշիչ են համարում ՌԴ դերը Հայաստանի ներքաղաքական իրավիճակում: Ըստ այդ հրապարակումների՝ Մոսկվան է որոշում ներքին գործընթացները, նպատակ ունենալով հեռացնել գործող իշխանությանն ու աջակցել ընդդիմությանը: Հրապարակումների բովանդակությունը. «Մոսկվան վերջնագիր է դրել Փաշինյանին հրաժարական տալու համար» կամ «Կրեմլի որոշմամբ ՝ Փաշինյանը կիրականացնի եռակողմ համաձայնագիրը և կհեռանա»: Եվ այս ամենն այն ֆոնին, որ Մոսկվան բազմիցս հայտարարել է Հայաստանի ներքին գործերին իր չխառնվելու մասին: Իշխանամետ լրատվամիջոցներն այս հարցում քիչ թե շատ չեզոք դիրք են գրավել:
Ինչ վերաբերում է արևմտամետ լրատվամիջոցներին և Ֆեյսբուքում անհատական հրապարակումներին, ապա այստեղ ապատեղեկատվության չափաբաժինը մեծ է, ընդ որում ներկայացվող պնդումները չունեն պացույց ու փաստարկված չեն: Շատ են, օրինակ, մեղադրանքներ Մոսկվային առ այն, թե Կրեմլը զրկել է Հայաստանին ինքնիշխանությունից և անկախությունից, և այլն: Ակտիվ շահարկումներ տարածվեցին նաև Հայաստանի գլխավոր շտաբի շուրջ տեղի իրադարձությունների համատեքստում: Արևմտամետ լրատվամիջոցների և գործիչների նյութերի բովանդակությունը հետևյալն էր. «Կրեմլը ակտիվացրեց ԳՇ-ն ընդդեմ Փաշինյանի՝ վերջինիս տապալելու համար» կամ՝ «Մոսկվան գլխավոր շտաբի թիկունքում է. Կրեմլն ամեն ինչ վերցնում է իր ձեռքը»:
Եզրակացություն
- 2020-2021 թվականների դեկտեմբեր-փետրվար ամիսներին հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների լուսաբանումը շարունակում է քանակի առումով աննախադեպ լինել: Հայաստանյան լրատվամիջոցների հետաքրքրությունն այս թեմայի նկատմամբ շարունակում է աճել:
- Դրական և բացասական բովանդակությամբ հրապարակումներում հարաբերակցությունը հօգուտ այն հրապարակումների է, որոնք դրական են լուսաբանում հայ-ռուսական հարաբերությունները:
- Տեղեկատվական շահարկումները շարունակվում են: Դա բացատրվում է ինչպես արևմտամետ լրատվամիջոցների կողմից Ռուսաստանի հանդեպ ավանդաբար բացասական վերաբերմունքով, այնպես էլ ներքաղաքական պայքարի շրջանակում մի շարք ԶԼՄ-ների կողմից հայ-ռուսական հարաբերությունների թեմայի ակտիվ օգտագործմամբ:
- Պատերազմի արդյունքները և արցախյան թեման, որպես ամբողջություն, դարձան արևմտամետ մի շարք լրատվամիջոցների և հասարակական-քաղաքական գործիչների շահարկումային գործունեության ևս մեկ պատճառ: