Տեր-Պետրոսյանի առաջարկն անհեթհեթություն է. Ալեն Սիմոնյան
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մրցավազքի մեջ է մտել Վազգեն Մանուկյանի հետ։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի առաջարկը։
"Ես չգիտեմ, թե ինչի հետ է դա կապված։ Հնարավոր է՝ 1996 թվականի իրադարձությունների հետ։ Չեմ կարող դատել։ Առաջին նախագահի անձի նկատմամբ հարգանքից ելնելով՝ չէի ցանկանա շարունակել իմ մեկնաբանությունը։ Կարող եմ միայն ասել, որ նրա վերջին հայտարարությունն անհեթեթություն է", - հայտարարել է փոխխոսնակը։
Սիմոնյանը հատկապես ուշադրություն սևեռեց գալիք ընտրությունների որակի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի կանխատեսումներին.
"Կարծում եմ՝ սկզբի համար նա պետք է գնահատական տա 1996 թվականի ընտրություններին, այդ ընտրություններին հաջորդած իրադարձություններին և այդ իրադարձություններում իր դերակատարությանը: Միայն դրանից հետո նա կարող է հայտարարություններ անել, որովհետև միայն այդ ժամանակ նրանք կշիռ կունենան", - հայտարարեց նա։
Սիմոնյանը հիշեցրեց, որ 1996-ի նախագահական ընտրությունները մեծ խնդիր դարձան Տեր-Պետրոսյանի համար, որից հետո երկու տարի անց նա հրաժարական տվեց։
Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնավորապես նշել էր. "Միակ ելքը, որը բխում է պետության, ժողովրդի եւ անձամբ վարչապետի շահերից, իմ կարծիքով, նրա անհապաղ եւ կամավոր հրաժարականն է՝ Ազգային ժողովի կողմից նրա անձեռնմխելիության իրավական երաշխիքներ տրամադրելով, եւ, թող ժամանակավոր, արտասահմանում ապաստան տրամադրելով": Նրա կարծիքով, այդ դեպքում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, ով իր չեզոք դիրքորոշմամբ կարող է ապահովել արդար ընտրություններ: