Միակ ելքը՝ գործադիրը պետք է 52 մլրդ դրամը վերադարձնի «Հայաստան» հիմնադրամին. Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին, որին քննարկվել է Արցախում պատերազմի ընթացքում Հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամի մասով հաշվետվության խնդիրը։
"Քննարկումից ստացած տպավորությունս մտահոգիչ է։ Վարչապետը միանշանակ հայտարարեց, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում և որ անհնար է հստակեցնել, կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները։
Մինչդեռ, Հիմնադրամի հետ պայմանավորվածության համաձայն, կառավարությունը պարտավոր է տրամադրել ստացված միջոցների վերաբերյալ հաշվետվություն:
Ակնհայտ է, որ վերոհիշյալ միջոցները պետք է մուտքագրվեին կառավարության՝ հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին և ծախսվեին այդ հաշվեհամարից պատերազմի թելադրած անհետաձգելի, հրատապ կարիքների համար։ Այդ դեպքում հաշվետվողականության հետ կապված որևէ խնդիր չէր լինի։
Ես չգիտեմ՝ այս ամենն արվել է միտումնավո՞ր, թե անփութության արդյունք է, բայց փաստացի՝ հենց կառավարության գործողությունների արդյունքում լրջորեն վնասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը։
Վարչապետի՝ ծախսված միջոցների վերաբերյալ բանավոր հավաստիացումները բացարձակապես վստահություն չեն ներշնչում։ Չեմ կարող հավատալ մի կառավարության հավաստիացումներին, որը պատերազմի ամբողջ ընթացքում ցինիկիաբար խաբել է սեփական ժողովրդին՝ թաքցնելով ռազմաճակատում տիրող իրական իրավիճակը, որը պատերազմի ավարտից 4 ամիս անց անգամ թաքցնում է զոհերի, անհետ կորածների, գերիների թիվը։ Այս կոնտեքստում ինձ համար անհասկանալի է հոգաբարձուների խորհրդի անունից ընդունված հայտարարությունը: Ինչպե՞ս կարելի է նախօրոք վստահ լինել Հիմնադրամի միջոցների նպատակային ծախսվելու մեջ, երբ ծախսերը հաստատող փաստաթղթերն ամբողջովին բացակայում են:
Ստեղծված իրավիճակում որևէ աուդիտ հստակություն չի մտցնի, այլ միայն կամրապնդի առկա կասկածները։ Այս իրավիճակից միակ ճիշտ ելքը տեսնում եմ այդ 52 մլրդ դրամի ձևակերպումը՝ որպես կառավարության պարտք Հիմանդրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով։ «Հայաստան» հիմնադրամը, իր հերթին, պետք է այդ գումարը ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա",- ասված է նախկին նախագահի հայտարարության մեջ: