24.11.2024
Անչափահասներին ստիպել են մուրացկանությամբ զբաղվել. մեղադրանք է առաջադրվել երկու կանանց
prev Նախորդ նորություն

Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը որոշակի արագացումից հետո կնվազի և կկայունանա. ԿԲ

2021թ. փետրվարին արձանագրվել է 0.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը եւ բնականոն գնաճը ավելացել են եւ ամսվա վերջին կազմել համապատասխանաբար 5.3% եւ 5.5%՝ հիմնականում պայմանավորված միջազգային ապրանքահումքային շուկաներից եւ դրամի փոխարժեքի արժեզրկումից փոխանցվող ազդեցություններով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Կենտրոնական բանկը:


Նշվում է, որ 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում են տնտեսական ակտիվության եւ պահանջարկի վերականգնման միտումները, ինչը ենթադրվում է կպահպանվի միջնաժամկետ հորիզոնում՝ հիմնականում պայմանավորված այդ երկրներում խթանող դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների իրականացմամբ:


Համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումների ազդեցությամբ, ինչպես նաեւ մի շարք առաջարկի գործոններով պայմանավորված՝ հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում դրսեւորվել են գների աճի միտումներ: Սա նաեւ նպաստում է գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձեւավորմանը: Նման իրավիճակում ԿԲ Խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա դեռեւս շարունակում է ակնկալել գնաճային ազդեցություն:


2020թ-ի չորրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական անկումը որոշ չափով գերազանցել է նախորդ դրամավարկային քաղաքականության ծրագրում կանխատեսված ցուցանիշը՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների եւ գյուղատնտեսության ճյուղերի ակտիվության նվազումներով։ 2021թ-ի առաջին եռամսյակում ցածր տնտեսական ակտիվությունը դեռեւս պահպանվում է, ինչին շարունակում է էական նպաստում ունենալ ծառայությունների ոլորտի նվազումը՝ արտահայտելով նաեւ պահպանվող թույլ պահանջարկի եւ ցածր մասնավոր սպառման ազդեցությունը:


Չնայած փոքր ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությանը, պահպանվող անորոշությունների եւ վարկավորման աճի տեմպերի դանդաղման ներքո կանխատեսվում է, որ ներքին պահանջարկը առաջիկայում կմնա որոշակի զսպված: Նման պայմաններում ԿԲ Խորհուրդը ներքին տնտեսությունից գնաճային ազդեցություններ չի սպասում:


ԿԲ Խորհուրդը դեռեւս դեկտեմբերին, կանխատեսելով առաջարկի գործոններով պայմանավորված գնաճի ու գնաճային սպասումների որոշակի արագացում, էականորեն խստացրել էր դրամավարկային պայմանները: Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաեւ պահանջարկի պահպանվող թույլ միջավայրը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում ներկայումս անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։


Խորհուրդը միակարծիք է, որ առաջիկայում եւս դրամավարկային քաղաքականությունն ուղղված է լինելու գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացմանը՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնմանը։ Նման պայմաններում կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը, առաջիկա ժամանակահատվածում որոշակի արագացումից հետո, կանխատեսվող հորիզոնում կնվազի եւ կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:


ԿԲ Խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, եւ դրանց դրսեւորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը: