VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումն ուշանում է։ ԲՀԿ առաջնորդը, որոշ տեղեկություններով, սպասում է Փաշինյանի պատասխանին, նրան ասել է՝ հանդիպում կլինի մի պայմանով, որ հետո հայտարարվի Փաշինյանի հրաժարականի մասին եւ ընտրությունների կոնկրետ օրը։ Թեեւ միջնորդավորված բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել, որ Փաշինյանի հրաժարականից հետո ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու, եւ այդ մասին ԲՀԿ ղեկավարը պարտավորվել է հայտարարությամբ հանդես գալ, բայց Փաշինյանը դեռ ծանրութեթեւ է անում՝ գնա՞լ ընտրությունների, թե՞ ոչ։ Չի բացառվում, որ ձգի եւ կրկին հետաձգի։ Ի դեպ, իմքայլական պատգամավորների հետ կիրակի օրը ունեցած հանդիպման ժամանակ նա ասել է՝ պատրաստվում ենք ընտրության, բայց ժամկետների մասին խուսափել է խոսելուց։ Թեեւ իշխանական կուլիսներում արդեն օր է նշվում՝ հունիսի առաջին շաբաթը։ Վարչապետը հպանցիկ անդրադարձել է թիմի մտահոգություններին, թե ինչպես են այս իրավիճակում քարոզարշավ անելու, ինչ են ասելու․ «Ինչ որ ասել ենք միշտ»։ Ապա հասկացրել է, որ ամեն մեկը պետք է աշխատի։ Նաեւ փորձելու են սեփական ընդդիմություն ձեւավորել, օրինակ՝ մոտ օրերս կուսակցություն կբացի Վարազդատ Կարապետյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս պահի դրությամբ հայրենի իշխանության եւ ընդդիմության համար օրակարգային հարց է շարունակում մնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման: Մինչ այս պահը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության մոտ իշխանությունների անունից գնացած հրովարտակները այնպիսի տպավորություն են ձեւավորել, որ ընտրությունները տեղի կունենան հունիսին: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նույնիսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, երբ գնացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, հստակ ասել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն մինչեւ հունիս: Նիկոլ Փաշինյանը, սակայն, լուրջ առարկություն չներկայացնելով ժամկետի մասով, ամեն դեպքում, որեւէ մեկին հստակ չի ասում, թե երբ է հրաժարական տալու, որ խորհրդարանը լուծարվի: Ու քանի որ անակնկալներով լի իրավիճակ է, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը սկսել են պատրաստվել ընտրություններին, քանի որ կարծում են` Նիկոլ Փաշինյանն անակնկալ կերպով կհայտարարի ընտրությունների գնալու մասին, եւ իրենք չեն հասցնի նախապատրաստվել: Հիմա քաղաքական դաշտում սկսվել է ցուցակագրումների գործընթաց: Իշխանությունը եւ ընդդիմությունը հեղինակություն ունեցող մարդկանց հետ են կապ հաստատում, խնդրում միավորվել, միասնական ցուցակով մասնակցել ընտրությունների:
Եթե ընդդիմությունը կարծում է, որ չպետք է ընտրակարգ փոխվի, ապա իշխանությունները նպատակ ունեն քննարկել Ընտրական օրենսգիրքը այս խորհրդարանում: Ավելին՝ «Իմ քայլ»-ի ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կիրակի օրը՝ հանդիպման ժամանակ, ընտրությունների անցկացման հստակ ամսաթիվ անգամ չեն լսել. խոսք է եղել միայն աշնանն այն անցկացնելու հավանականության մասին: Ամեն դեպքում, չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանն ունի ընտրություններին գնալու իր նախընտրելի ժամանակահատվածը եւ ունի հստակ ձեւավորված օրակարգ, սակայն անգամ իր թիմի մոտ անկեղծ չի ասում այդ մասին: Սակայն նկատենք՝ եթե մտադրություն կա ընտրություններն անցկացնել հունիսին, ապա արդեն իսկ պետք է սկսի խորհրդարանի լուծարման գործընթաց: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է խորհրդարանի լուծարման հետեւյալ սցենարը. Սահմանադրության 149-րդ հոդվածում ամրագրված է. «Վարչապետի՝ հրաժարական ներկայացնելու դեպքում Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: Այսինքն՝ 14 օր անհրաժեշտ է միայն խորհրդարանի ինքնալուծարման համար: Հոդված 92-ում էլ նշված է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, եւ ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Եվ եթե գումարենք նաեւ գրանցումների եւ քարոզարշավի համար նախատեսված ընդհանուր մոտ մեկ ամիս ժամկետը, ապա ակնհայտ է, որ հունիսին արտահերթ ընտրություններ անցկացնելու համար իշխանություններն արդեն պետք է շտապեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թեւածում է արտահերթ ընտրությունների ուրվականը։ Թեեւ ո՛չ օրը, ո՛չ մոտավոր ժամկետները հայտնի չեն, բայց պարզ է, որ շատերն են սպասում ընտրություններին ու արդեն քայլեր անում այդ ուղղությամբ։ ԼՀԿ-ն մարզային այցելություններ է անում, ընտրական հանձնաժողովների անդամներ է փնտրում եւ պատրաստում։ Իշխանությունը հնարավոր դաշնակիցների հետ է բանակցում, «տասովշչիկների» հետ է աշխատանք տանում, որոշ կուսակցություններում անգամ ցուցակներ են սկսել կազմել, ռեյտինգային թեկնածուների փնտրտուք է սկսված։ Հավանական թեկնածուները ֆեյսբուքյան գործունեություն են ծավալում՝ Արթուր Վանեցյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համակիրներն ինտենսիվ լուսանկարներ են տարածում։ Ընտանեկան ֆոտոներ, ընկերական անկաշկանդ մթնոլորտում, փողոցում քայլելիս, երեխաների ու թոռնիկների հետ ժամանակն անցկացնելիս»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին, առկա ճգնաժամային վիճակի լուծման հետ կապված, տարբեր փորձագիտական շրջանակներ և քաղաքական ուժեր խոսում են արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Արմատական ընդդիմությունն էլ գտնում է, որ արտահերթ ընտրություններ անհրաժեշտ են, բայց ոչ հիմա ու ոչ երբեք Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման պարագայում: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին իշխանությունները շատ լուրջ քայլեր են իրականացնում սեփական թիմում այս հարցի հետ կապված հստակեցումներ մտցնելու համար (ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, փաշինյանական թիմի ներսում զգալի թիվ են կազմում նրանք, որոնք դեմ են արտահերթ ընտրություններին)։ Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին երկու օրերին Նիկոլ Փաշինյանն ու, նրա հանձնարարությամբ, մի քանի «կարկառուն» ՔՊ-ականներ հանդիպումներ են անցկացնում թե՛ կուսակցության վերնախավի, թե՛ մարզպետների, թե՛ Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների հետ, որպեսզի հասկանան, թե տեղերում ինչ վարկանիշ ունի իշխանությունը, ավելի կոնկրետ՝ Փաշինյանը: Մեր տեղեկություններով, տրվել է կոնկրետ հանձնարարական՝ «ամեն դեպքում» պատրաստ լինել ցանկացած իրադարձության, այդ թվում՝ ընտրությունների: Դրա համար պետք է աշխատեն ոչ միայն պետական կառույցների ղեկավարների, գործարար աշխարհի, այլև տեղի «հեղինակությունների» հետ, որոնք «մասնագիտացած» են ձայն բերելու հարցում։ Ի դեպ, երեկ օրվա վերջին կառավարության մեր աղբյուրները փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի հրաժարական ներկայացնել մինչև մարտի 23-ը (որոշ տեղեկություններով՝ այսօր կամ վաղը, եթե արտառոց որևէ իրադարձություն տեղի չունենա), և, ըստ այդմ, մայիսին անցկացնել արտահերթ ընտրություններ»:
«168 ժամ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված հիմնական հարցադրումն այն է՝ կկեղծի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանն այդ ընտրությունները, թե՞ ոչ։ Արմատական ընդդիմությունը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը կկեղծի դրանք, այդ պատճառով անընդունելի է ընտրությունների անցկացումը նրա իշխանության պայմաններում, իշխանության կողմնակիցները հակադարձում են, որ Նիկոլ Փաշինյանը չի կեղծի ընտրությունները, քանի որ մեկ անգամ արդեն՝ 2018 թվականին, անցկացրել է առանց կեղծիքի ընտրություններ։ Սա Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրությունները չկեղծելու միակ փաստարկն է, որը, սակայն, թույլ է ու հեղհեղուկ է այնքան, որքան նրա վարկանիշն ու հեղինակությունը։ 2018–ին արդեն իշխանություն ունեցող Նիկոլ Փաշինյանը չի կեղծել ընտրությունները ոչ թե այն պատճառով, որ խիստ սկզբունքային է կամ ժողովրդավար, այլ որովհետև դրա կարիքը չկար՝ պայմանավորված հեղափոխական էյֆորիայով։ Հետևաբար, այսօրվա իրականությունում հղում կատարել 2018 թվականին, մեղմ ասած, անմեղսունակություն է։ Իսկ հարցի պատասխանը՝ կկեղծի՞ Նիկոլ Փաշինյանն ընտրությունները, թե՞ ոչ, պետք է փնտրել նրա իշխանության շուրջ երեք տարիների մեջ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք կեղծիքը՝ որպես գործիք, միջոց, ընդունելի է կամ մերժելի է փաշինյանական իշխանությանը։ Ահա անցած երեք տարիները ցույց են տալիս, որ կեղծիքը Նիկոլ Փաշինյանի համար ոչ միայն ընդունելի է եղել ու է, այլ այն նրա իշխանության ամենաառաջնային միջոցներից մեկն է։ Նիկոլ Փաշինյանը կեղծել է ամենայնը, ինչ կարողացել է՝ սկսած մարդկանց մանիպուլյացնելուց՝ մինչև հորինված պատմություններ, կերտված հերոսներ ու հակահերոսներ։
Իսկ 44-օրյա պատերազմը դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության կեղծիքի գագաթնակետը։ Հետևաբար՝ ի՞նչը պետք է ստիպի մարդուն, ով շուրջ երեք տարի կեղծել է գրեթե ամեն ինչ, չկեղծել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հատկապես այն դեպքում, երբ դրանք նրա համար ունեն կենաց-մահու նշանակություն, և այնպես չէ, որ ընտրություններում պարտվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող է վերադառնալ լրագրության ասպարեզ, կամ հայրենիք՝ տանձի օղի քաշելու։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ունի մի կողմից՝ ընտրությունները կեղծելու հզոր մոտիվացիա, մյուս կողմից՝ չունի քաղաքական ու բարոյական որևէ արգելք՝ այս կամ այն քայլին չդիմելու համար։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլ Փաշինյանը չի դիմի ընտրություն կեղծելու ապօրինությանը, քանի որ իր կյանքի մեծ մասը պայքարել է դրա դեմ։ Բայց դա խիստ թյուր տպավորություն է։ Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում պայքարել է այս կամ այն անօրինականության դեմ՝ ոչ թե այն պատճառով, որ այդպես մտածել է, կամ, որ այդպես ավելի ազնիվ է, այլ, որովհետև ցանկացել է, որպեսզի ինքը լինի ապօրինություն գործողի դերում։ Վկան՝ նրա իշխանության թույլ տված տասնյակ կոռուպցիոն գործարքները, միլիոնավոր դոլարների պարգևավճարներն ու բազմաթիվ այլ անօրինականություններ, որոնց դեմ ժամանակին այդքան ինքնամոռաց պայքարել է Նիկոլ Փաշինյանը։ Այնպես որ, նա առաջիկա ընտրությունները կեղծելու է անհագուրդ ու անողոքաբար, կեղծելու է բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով, որովհետև նա տեսել ու զգացել է, թե ինչ բարերար ազդեցություն է ունենում կեղծիքն անձամբ իր ու իր ընտանիքի համար»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կիրակի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ առավոտյան եղել է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում: Վարչապետը եղել է Հովանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ եկեղեցու բակում օհանավանցիները մոտեցել են վարչապետին եւ իր տիկնոջը, տարբեր հարցեր հնչեցրել, նույնիսկ տուն են հրավիրել: Ականատեսների վկայությամբ՝ վարչապետը երկար ժամանակ զրուցել է մարդկանց հետ, բարձրաձայնված հարցերին պատասխանել ու հեռացել: Կիրակի օրը՝ ցերեկը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ ՀՀ վարչապետի միջեւ տեղի ունեցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը պատմել է Օհանավանի ջերմ ընդունելության մասին: Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետը թիմակիցներին ասել է, թե ինքը մարզեր կատարած այցի ժամանակ ջերմ ընդունելության է արժանանում, տեսնում է, որ խնդիր չունեն: Ավելին՝ վարչապետը նշել է, որ առաջիկայում ինքն ավելի ակտիվ է մարզեր այցելելու, ու ներկայացնելու են կադրերով, թե ինչպես են տարբեր համայնքներում իրեն ընդունում: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի ղեկավար Էդգար Հայրապետյանի հետ, որը հաստատեց վարչապետի այցը եկեղեցի: Գյուղապետն ասաց, որ դա պաշտոնական այց չի եղել, բայց եկեղեցու բակում բնակիչները զրուցել ու քննարկում են ունեցել վարչապետի հետ>:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլից» հեռացած պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին այսօր հրավիրել է Ազգային ժողով։ «Նիստերի դահլիճի հարեւանությամբ գտնվող սրահում հանդես եմ գալու ուշագրավ փաստաթղթի հրապարակման վերաբերյալ բրիֆինգով»,- երեկ հայտարարություն էր տարածել պատգամավորը։ Թովմասյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նրա շրջապատից տեղեկացանք, որ խոսքը միջազգային կառույցներից ստացված մի փաստաթղթի մասին է, որը, իր կարծիքով, սենսացիոն բովանդակություն ունի եւ ապտակ է լինելու Հայաստանի Հանրապետությանն ու գործող իշխանություններին։ Ի դեպ, մեր տեղեկություններով, իրավապահները փորձում են գործեր հարուցել Թովմասյանի եւ նրա մերձավորների նկատմամբ` հարկերից խուսափելու կամ անօրինական ձեռնարկատիրությանն առնչվող հոդվածներով»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սուրմալու և Փեթակ առևտրի կենտրոնների սեփականատերերն իրենց աշխատակիցներին հորդորում և պարտադրում են մասնակցել հակաիշխանական հանրահավաքներին, որոնք կազմակերպում են «17 մինուս» կուսակցությունների ֆորմատի ներկայացուցիչները: Այս տոնավաճառները պատկանում են նախկին իշխանության ներկայացուցիչներին, և նրանք չեն էլ թաքցնում իրենց շահագրգռվածությունը նախկինների վերադարձի հարցում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանում գործունեություն ծավալող շատ դատավորների մոտ դժգոհությունների ալիք է բարձրացել, ինչը պայմանավորված է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի փաստացի անգործությամբ։ Խնդիրն այն է, որ իշխանությունը թիրախավորել է դատավորներին իրենց ցանկալի դատավճիռները չկայացնելու համար, իսկ ԲԴԽ-ն որեւէ ձեւով չի արձագանքում այն դեպքում, երբ այդ կառույցի գործառույթներից մեկն է դատավորներին ցանկացած միջամտությունից, այդ թվում՝ հանրային ճնշումից զերծ պահելը: Նշված պահանջն այս պահին չի իրագործվում, քանի որ ԲԴԽ գիտնական-անդամները չեն ընդդիմանում իրենց ընտրած իշխանությանը, համարում են, որ նորմալ է, երբ քաղաքական իշխանությունը հրահանգներ է տալիս դատավորներին ամենատարբեր ձեւերով: Ու ստացվում է, որ դատավորները մնացել են միայնակ իրենց անկախության ճանապարհին: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ մարտի 26-ին տեղի կունենա Դատավորների ընդհանուր ժողովը, որտեղ դատավորները կբարձրաձայնեն ԲԴԽ գիտնական-անդամների՝ քաղաքական իշխանությանը ծառայելու մասին՝ նշելով, որ թույլ չեն տա իրենց նկատմամբ որեւէ ճնշում բանեցվի որեւէ կողմից: Այսպիսով, դատական համակարգում նոր փոթորկումն անխուսափելի է»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «2017 թվականի համեմատ մեկ անձից կատարվող պետական գնումները էապես աճել են: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշեց տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը: «Դրանք այն գնումներն են, որոնք խնդրահարույց են ոչ միայն իրենց իսկ հռչակած սկզբունքների ու ծրագրային մոտեցումների տեսանկյունից, այլեւ, ընդհանուր առմամբ, ռիսկերի տեսանկյունից»,- ասաց նա՝ հավելելով, որ գնումների այն ձեւը, որն օրենսդրությամբ թույլատրելի է բացառիկ դեպքերում, 2017 թ. համեմատ 2019-ին աճել է շուրջ 54 տոկոսով: «Պետական գնումների կեսից ավելին այսօրվա իշխանությունները կատարում են մեկ անձից: Այս մասով դեռ 2020 թ.-ի ամփոփ թվերը չկան, բայց, բնականաբար, բացասական միտումն ավելի է խորացել, ու այդ առումով ավելի բարձր թիվ ենք ունենալու: Ինքնին մեկ անձից կատարվող գնումները բարձր ռիսկային են, որովհետեւ մրցակցություն չկա: Եթե անգամ կոռուպցիոն ռիսկեր էլ չկան, ինչի վերաբերյալ, իհարկե, չեմ կարող համոզված լինել, մեկ անձից կատարվող գնումը շուկայական մրցակցային ու հիմնական ձեւը չէ: Մեծ հաշվով, կարելի է ենթադրել, որ այստեղ առնվազն անարդյունավետ ծախսերի հիմքեր կան: Սրանց մասին է պետք մտածել: Փոխանակ անարդյունավետ պետական ծախսերը կրճատեն, կացինն առած՝ կրճատում են այն ծախսերը, որոնք, ելնելով օրվա իրավիճակից, օբյեկտիվ անհրաժեշտություն են»,- նշեց Թ. Ավետիսյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում ՀՀԿ-ական փոխնախագահ Արմեն Աշոտյանի սանիկ Գոռ Վարդանյանի ընտրվելու փաստն իշխանությունը երեկ ծանր էր տարել։ Երկուսուկես տարի է՝ իշխանությունը յուրային ռեկտորների փնտրտուքով է զբաղված, բայց` ապարդյուն․ մայր բուհը մինչ օրս ժամանակավոր պաշտոնակատար է ղեկավարում, ժողինստիտուտում երկու տարվա պայքարից հետո ՀԱԿ անդամի դստերը նշանակեցին, իսկ պոլիտեխնիկում չկարողացան հասնել իրենց ուզածին՝ հաղթեց 29-ամյա գիտությունների թեկնածուն։ Չնայած նախկին ռեկտոր Մարուխյանի հրաժարականից՝ 2020-ի ամառվանից, իշխանական ծանր հրետանին ողջ ուժով լծվել էր այս ընտրությունը տապալելու գործին։ Սկզբում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նրա հրաժարականից հետո Հակոբ Արշակյանն էր համակարգում գործընթացը, սակայն երեկ արձանագրվեց վերջնական պարտություն։ Իշխանությունը մեղքը բարդում է բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի վրա, կարծում են, որ նրա շնորհիվ է նախկինների «աճեցրած» կադրը դարձել ռեկտոր։ Նշենք, որ նախկին բազեական Վարդանյանը 2015-ին՝ Աշոտյանի նախարար եղած ժամանակ է նշանակվել պրոռեկտոր։ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 2017թ․ սեպտեմբերի 1-ի որոշմամբ նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2020թ․ հունվարի 1-ից նա նաեւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի աշխատակազմի ղեկավարն է։ Ուշագրավ է, որ այս թեկնածուի լոբբինգով է զբաղվել նաեւ «Իմ քայլի» պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը, ով մտերիմ է Վարդանյանի հետ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր տեղի կունենա Երեւանի ավագանու նիստ, որի ժամանակ քննարկվելու է նաեւ 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որը ցույց է տալիս, թե նախատեսված գումարի որ մասն է հավաքագրվել, եւ հավաքվածի որ մասն է ծախսվել։ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ 2020թ. նախատեսված ծախսերի 36.5%-ը Երեւանի քաղաքապետարանը չի կատարել. կատարողականը կազմել է 63.5%: Նշենք, որ սրանից վատ ցուցանիշ Երեւանի որեւէ քաղաքային իշխանություն երբեւէ չի արձանագրել: Իհարկե, որպես պատճառ՝ մատնանշվում են կորոնավիրուսն ու արցախյան պատերազմը. այդ պատճառներից ձախողման էությունը չի փոխվում: Մեկնաբանության մեջ նշվում է. «Նախատեսված եւ փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, պատվիրակված լիազորությունների մասամբ չկատարմամբ, ինչպես նաեւ COVID-19 համավարակի հետ արտակարգ եւ ռազմական դրության հետ պայմանավորված որոշ ծրագրերի չկատարմամբ»: Իսկ, ահա, 2020 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 73,364,346.2 հազար դրամ՝ ծրագրված (ճշտված) 84,941,605.9 հազար դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 86.4%: Իսկ անդրադառնալով Երեւանի վարչական շրջանների բյուջեի կատարողականին՝ նկատենք, որ ամենացածր արդյունավետությունն Արաբկիր վարչական շրջանինն է՝ 73.6 տոկոս, իսկ լավ ցուցանիշներ ունեն երկու վարչական շրջան՝ Շենգավիթն ու Աջափնյակը՝ 81.7 տոկոս»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Անշարժ գույքի շուկան աստիճանաբար սկսում է համարժեք արձագանքել իրավիճակին։ Երևանում բնակարանների գներն աստիճանաբար նվազում են: Անշարժ գույքի շուկայով զբաղվողների դիտարկմամբ՝ բնակարանների գները ներկայումս էլ նվազում են ի վնաս կառուցապատողների։ «Գալաքսիթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ երկրում տնտեսական վիճակը վատ է, մարդկանց գնողունակությունը գրեթե բացակայում է, բնակարանների գնման գործարքներ շատ քիչ են լինում, հետևաբար կառուցապատողները ստիպված գին են նվազեցնում, որպեսզի կարողանան վաճառք ապահովել ու պահել իրենց շինարարության տեմպը»: