23.11.2024
Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին պատրաստվում են Հայաստանի դեմ նոր պատերազմի. Մարուքյան
prev Նախորդ նորություն

Մեղրիից ճանապարհ ստանալով Թուրքիան բացում է պանթուրքիզմի և պանթուրանիզմի ճամփան. Շահբազյան

Թուրքիայի հավակնությունները տարծաշրջանում շատ մեծ են և շոշափում են շատերի շահերը: Մինչ այժմ նրան գրեթե ամեն ինչ թույլատրվել ու ներվել է, բայց ի՞նչ կլինի հեռանկարում: Այս մասին VERELQ-ի հետ հարցազրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅ Դաշնակցության «Դրօշակ» պաշտոնաթերթի խմբագիր Արտաշես Շահբազյանը:


- Պարոն Շահբազյան, ուժերի ինչպիսի՞ դասավորություն է Հարավային Կովկասում Արցախյան վերջին պատերազմից հետո: Մասնավորապես, Թուրքիան, կարծես, բավականին ամրացրել է դիրքերը:


- Երկուսուկես տասնամյակ ձգված ստատուս քվոն շատերին էր նյարդայնացնում, որովհետեւ մի կողմից Ադրբեջանն իր բազմակողմ և ակտիվ արտաքին քաղաքականությամբ, իր բնական պաշարների վաճառքով, մյուս կողմից՝ Հայաստան-Արցախն իրենց ձեռք բերած ռազմավարական բնագծերով եւ վստահություն ներշնչող բանակով հակամարտող կողմերի համար ապահովում էին բավականին մեծ ինքնուրույնություն, և կանխում էին տարածաշրջանում տարբեր շահեր ունեցող ուժերի հավակնությունների դրսևորումը: Մեզ համար ողբերգական ավարտ ունեցող այս պատերազմը հանգեցրեց տարածաշրջանում ուժերի հարաբերակցության արմատական փոփոխությունների:

Ռուսաստանը այստեղ բերեց խաղաղապահներին, որոնց միջոցով առնվազն մի քանի տարի հարաբերաբար ամենամեծ ազդեցությունը կպահպանի հակամարտության գոտում, Թուրքիայի միջոցով ՆԱՏՕ-ն մտավ տարածաշրջան: Ճիշտ է, Թուրքիային չհաջողվեց իրականացնել իր և Արևմուտքի գլխավոր ցանկությունը՝ Ռուսաստանին գրեթե ամբողջովին դուրս մղել Կովկասից, բայց գործի սկիզբը դրված է: Իսրայելը հնարավորություն ստացավ թափանցելու անմիջականորեն իրանական սահմանագիծ, որտեղից, գործակցելով Թուրքիայի հետ, հեռանկարում դեռ շատ անակնկալներ կմատուցի Իրանին: Իհարկե, նա կփորձի նաև շատ ավելի խորացնել Ադրբեջանի հետ իր բազմակողմ գործակցությունը:


- Այդուհանդերձ Թուրքիան էլ ոչ պակաս ամրապնդվեց տարածաշրջանում:


- Ինչպես նշեցի, Թուրքիան զինված ուժերով մտավ Կովկաս, զգալիորեն ընդլայնեց իր ազդեցությունը Ադրբեջանի վրա, ինչը նշանակում է և ազդեցությունը էներգակիրների ու այստեղով և հարեւան տարածաշրջանով անցնող հաղորդակցական ուղիների նկատմամբ: Նա բացեց դեպի Ռուսաստան ու Կենտրոնական Ասիա տանող դռները եւ առայժմ նստեց այդ շեմին: Մեղրիից ճանապարհ ստանալով Թուրքիան, մեծ հաշվով, բացում է իր համար պանթուրքիզմի և պանթուրանիզմի ճանապարհը: Ադրբեջանը ստացավ իր երազածից ավելին, Հայաստանի խայտառակ իշխանության մատուցմամբ: Այս ամենով հանդերձ տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր տեսքը դեռ ձևավորման ընթացքի մեջ է և հնարավոր են շատ անակնկալներ:

Մասնավորապես, այսօր դեռ դժվար է ասել, թե Ադրբեջան կոչված մեծ այսբերգը ինչ ափի մոտ կհանգրվանի: Ակնհայտ է, որ վերջինիս համար կընթանա երբեմն խուլ, երբեմն բացահայտ պայքար: Ադրբեջանի այսօրվա ու վաղվա ղեկավարություններին կհաջողվի՞ արդյոք պահպանել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև մանևրելու նախկին տասնամյակների ազատությունը՝ նույնպես ժամանակը ցույց կտա: Իհարկե, ամբողջովին ձախողվեց Հայաստանը և լրջորեն խոցելի դարձավ Իրանը, որը փորձում է ձև անել, թե դա այդպես չէ:


- Պատերազմի վտանգը շարունակում է ակտուալ մնալ, հատկապես, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն թաքցնում նման նկրտումները: Որքանո՞վ է իրավիճակը պայթունավտանգ ու որ դեպքում է սպասելի պատերազմը:


-Հայկական ամուր բանակը եւ հայկական կողմի տնօրինած սահմանային բարենպաստ դիրքերը պատերազմի կանխման գլխավոր երաշխիքներն էին: Այսօր դրանցից երկրորդը չկա, իսկ առաջինը պատրաստ չէ լուրջ խնդիրներ իրականացմանը: Այս իրավիճակը, պատերազմում ձեռք բերած հաջողությունը իհարկե լրջորեն գրգռել են թուրքական կողմերի ախորժակը: Զինադադարն ամրագրած հայտարարությունն ունի շատ անորոշություններ, որոնցից հակառակորդ տանդեմը կձգտի քամել առավելագույն օգուտներ: Պատերազմի հավանականությունը խիստ կմեծանա, եթե Ռուսաստանը հարկադրված լինի ներքաշվելու ռազմական բախումների գլխացավանքի մեջ, օրինակ Ուկրաինայից փաստացի անկախացած տարածաշրջաններում: Մենք նման ողբերգություն մի անգամ ապրել ենք, երբ 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունից հետո Լենինը թուրքական ճակատից զորքերին ետ կանչեց: Ի դեպ այդ զորքերի մի մասին ադրբեջանցիները ջարդեցին իրենց տարածքում, բայց դա այլ թեմա է:


- Հայաստանյան փորձագիտական շրջանակները պնդում են, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը տարածաշրջանում ձեռնտու է միայն Ադրբեջանին ու Թուրքիային, իսկ ՀՀ իշխանությունները իրավիճակը հասցրել են դրան: Մենք նաև ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանի նախագահը սպառնում Երևանին՝ Զանգեզուրի հանդեպ իր ոտնձգություններով ու այս ամենը մնում է անպատասխան: Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, որքանո՞վ են մեր շահերը ոտնահարված նման պարագայում:


- Կարծում եմ Հայաստանի իշխանությունները, եթե ինչ- որ օգուտ ակնկալում են, ապա դա կապված է միայն անձնական խնդիրների հետ: Այո, Հայաստանը չի կարողանալու ազատորեն օգտվել այդ կոմունիկացիաներից, եթե Հայաստանի շահը նկատի առնված լիներ կծրագրվեր բացել նաեւ Երևան-Իջևան-Աղստև-Եվլախ-Բաքու-Դերբենդ երկաթուղին: Ընդամենը չորս ամիս առաջ, հավակնած տարածքները ավելիով ետ ստանալուց հետո, Ալիևի հայտարարությունները Զանգեզուրի և նույնիսկ Երևանի վերաբերյալ փաստում են լևոնտերպետրոսյանական ու նիկոլփաշինյանական այն պարտվողական թեզի ողջ սնանկությունը, ըստ որի հայկական կողմն էր չմարող հակամարտության պատճառը և տարածքների հանձնումը պիտի ստեղծեր նպաստավոր իրավիճակ ադրբեջանցիների ու թուրքերի հետ բարիդրացիական և գործընկերային հարաբերություններ հաստատելու համար: Սա նշանակում է աչք փակել անցած 200 տարվա հայ-թուրքական փոխհարաբերությունների պատմության վրա, կույր ձևանալ պանթուրքական ծրագրերի առջև:

Ներկա պահին, իհարկե, թուրք-ադրբեջանական տանդեմի կենսական նպատակն է Զանգեզուրով ոչ թե պարզապես ճանապարհ, այլ որոշակի կարգավիճակով միջանցք ստանալը, որը փաստացի կվերածվի թուրքական տարածքի, կվերահսկի Իրան-Հայաստան կապը, որոշակիորեն կնվազեցնի ճանապարհը վերահսկելու մանդատ ստացած ռուսական ուժերի կշիռը, կհանդիսանա հետագա բազմապիսի սադրանքների օջախ և, վերջին հաշվով, կդառնա ցատկահարթակ Զանգեզուրը Հայաստանից զատելու համար:


-Ռուս-թուրքական հարաբերությունները վերջին տարիներին բազմաթիվ լարված պահեր են ունեցել, բայց վերջին զարգացումների ֆոնին, կարծես, նոր մերձեցման ենք ականատես լինում: Թեպետ այս ամենը կարող է նաև թվացյալ մերձեցում է՝ ակնհայտ է, որ ամեն մեկն իր շահն ունի մեր տարածաշրջանում: Ինչպիսի՞ն է իրավիճակը:


-Իհարկե ժամանակակից աշխարհում քաղաքականությունը բազմաշերտ է՝ մեկ ոլորտում համագործակցությունը կարող է զուգակցվել մեկ այլ ոլորտում կոշտ մրցակցության հետ: Հիշեցնեմ, որ արցախյան վերջին պատերազմի ժամանակ Իսրայելն ու Թուրքիան շատ լավ համագործակցեցին, ինչպես և դեռ կհամագործակցեն Ադրբեջանում, բայց այլ վայրերում նրանց միջև գոյություն ունի կատաղի մրցակցություն: Ռուսաստանին չի կարող չնյարդայնացնել Թուրքիայի լկտիության հասնող համարձակությունը իր համար ավանդական ազդեցության գոտիներում: Չեմ կարծում Ռուսաստանը հեշտ տարավ նաեւ Թուրքիայի գլխավոր շտաբի, ռազմական ստորաբաժանումների, ինչպես և նրանց ներգրաված իսլամիստ ավազակախմբերի մասնակցությունն արցախյան պատերազմին: Կան ուժեր, որոնք շատ կցանկանային, որ Ռուսաստանը ևս ներգրավվեր ռազմական գործողությունների մեջ, բայց կասկածից վեր է, որ այդ ամենը ակնհայտ էր և Ռուսաստանի համար: Ռուսաստանը համագործակցում է Թուրքիայի հետ՝ այս կերպ ոչ միայն մեղմելով փոխհարաբերությունները իր սահմաններից ոչ հեռու գտնվող ՆԱՏՕ-ական երկրի նկատմաբ, թուլացնում է դաշինքում նրա հակառուս դերակատարությունը, այլեւ կարողանում է սեղանի շուրջ հարթել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հաճախակի խաչվող աշխարհաքաղաքական հիմնահարցերը: Կարելի է և տնտեսական գործոնի մասին խոսել և ուրիշ բաների:


-Մյուս կողմից Թուրքիայի առաջխաղացումը Հարավային Կովկասում չի կարող չմտահոգել Ռուսաստանին, որը հանդիսանում է ԵԱՏՄ լոկոմոտիվը: Ռուս-թուրքական բախումը մոտ հեռանկարում սպասելի՞ է:


-Թուրքիան անակնկալ ներխուժեց ռուսական դարավոր ազդեցության տարածք և ոխերիմ բարեկամին կանգնեցրեց նոր իրողության առջև: Թուրքիան միայն Հարավային Կովկաս չի ներխուժել, նա այժմ Ռուսաստանի շեմին է, Կենտրոնական Ասիայի շեմին է, որտեղ նույնպես գնալով իր ազդեցությունն է ավելացնում՝ ռուսական ազդեցության նվազմանը զուգահեռ: Թուրքիան բացահայտորեն հանդես է գալիս, որպես Ուկրաինայի դաշնակից՝ Ռուսաստանի դեմ և նույնիսկ խոսում է Ղրիրմի նկատմամբ սեփական հավակնությունների մասին: Կասկած չկա, որ Թուրքիան այսօր աշխատում է Ռուսաստանի թուրքացեղ ժողովուրդների հետ և սա իհարկե հեռանկարում լրջագույն հիմնահարցի կարող է վերածվել: Թուրքիան այսօր ձգտում է կտրել Ադրբեջանը ռուսական ազդեցությունից և այլն: Մտահոգո՞ւմ են այս հարցերը Ռուսաստանին, կարծում եմ՝ չեն կարող չմտահոգել:

Պատմությունը վկայում է, որ շատ հաճախ իրար միջև առաջացած լուրջ խնդիրները Ռուսաստանն ու Թուրքիան ստիպված են եղել լուծել պատերազմների ճանապարհով: Որպես օրինաչափություն բոլոր պատերազմներում հաղթում է Ռուսաստանը: Խաղաղ պայմաններում այսօր Թուրքիան օգտվում է այն հանգամանքից, որ ԱՄՆ-ի ու Արևմուտքի կողմից քաղաքական տնտեսական և այլ բնույթի ճնշումը մեծ է Ռուսաստանի վրա: Սա չի նշանակում, թե հաջորդ պատերազմը մոտ է, թեև այսօր էլ, օրինակ, ավարտված չէ Ռուսաստանի ու Թուրքիայի կոշտ դիմակայությունը Սիրիայում:

Որոշ ժամանակ առաջ Ռուսաստանի նախագահը քննադատեց Լենինի վարած քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ: Թուրքիայի համար դժվար ժամանակ Լենինը օգնեց նրան և՛ զենքով, և՛ ոսկով, և՛ զիջեց Կարսն ու Արդահանը, Նախիջևանն ու Արցախը: Հարյուր տարի անց Հայաստանը նոր հարված ստացավ ողնաշարին, որի անունն այս անգամ Կարս չէր այլ՝ Շուշի: Անշուշտ գլխավոր մեղավորը նույնիսկ Ադրբեջանը չէր, այլ Հայաստանի բախտախնդիր ղեկավարը: Ի դեպ, կարծում եմ, չտիրապետելով Շուշիի բարձունքին եւ Հադրութին ռուսական խաղաղապահների ազդեցության դաշտը սահմանափակ է իրադարձությունների հիմնական թատերաբեմի, Իրանին սահմանակից տարածքների նկատմամբ, որտեղ տիրապետող կլինեն թուրքերը:

Թուրքիայի հավակնությունները շատ մեծ են և շոշափում են շատերի շահերը: Մինչ այժմ նրան գրեթե ամեն ինչ թույլատրվել ու ներվել է: Ինչ կլինի հեռանկարում ուր մութ ամպեր են կուտակվում, ցույց կտա ժամանակը:

Լիա Խոջոյան