24.11.2024
Նալբանդյան. կարգավորումը պետք է լինի փաթեթային՝ փուլային իրականացմամբ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ դեսպան. Սարգսյան-Ալիև հանդիպումը լավատեսություն է ներշնչում

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևւի հանդիպումը Վիեննայում դրական էր, քանի որ կողմերը վերահաստատել են իրենց պարտավորությունները 1994-1995թթ.-ի կրակի դադարեցման համաձայնագրերի շուրջ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը:

ՀՀ-ի ու Ադրբեջանի նախագահները ղարաբաղյան գոտում աննախադեպ լարումից հետո հանդիպել են Վիեննայում մայիսի 16-ին:

Մասնավորապես, նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնել են շարունակել անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո՝ հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները:

ԱՄՆ դեսպանը ձեռքբերում է համարել այն, որ երկու կողմերը հաստատել են իրենց պարտականությունները 1994-95 կրակի դադարեցման համաձայնագրերի շուրջ: Լրագրողների հետ զրույցում Միլսը բարի կամքի դրսևորում է համարել կողմերի պատրաստակամությունը շփման գծում հետաքննությունների մեխանիզմի ստեղծման շուրջ աշխատանքներ իրականացնելը:

Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հետևողական կլինեն և պատաստ են աշխատելու այդ հանձնարարության վրա:

Դիվանագետը հավելել է, որ հունիսին նախատեսված երկու երկրների նախագահների հանդիպումը լավատեսություն է ներշնչում և համանախագահների ու ԱՄՆ-ի կառավարության անունից հույս է հայտնել, որ այն դրական արդյունքներ կտա և կհանգեցնի Ղարաբաղի հակամարտության համակողմանի լուծմանը: