24.11.2024
Պուտինը ԱԽ անդամների հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը
prev Նախորդ նորություն

Նալբանդյան. կարգավորումը պետք է լինի փաթեթային՝ փուլային իրականացմամբ

«Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հույսերը, միջազգային հանրության սպասելիքները», - ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Ինտերֆաքսի»՝ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպմանը ձեռ բերված պայմանավորվածությունների վերաբերյալ հարցերին։

Վիեննայում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը մի շարք համաձայնություններ են ձեռք բերվել ԼՂ հակամապտության վերաբերյալ:

Մասնավորավպես, նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնել են շարունակել անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո՝ հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները:

«Որևէ կասկած չկա, որ վերջին տարիներին բանակցային գործընթացի բոլոր փուլերում, ներառյալ մտքերի փոխանակման փուլում, մոտեցումը եղել և շարունակում է մնալ նույնը, և դրա մասին բազմիցս ասել ենք, դրա մասին նշել են նաև համանախագահները, այդ թվում՝ նաև Լավրովը. կարգավորումը պետք է լինի փաթեթային՝ փուլային իրականացմամբ», - ասել է Նալբանդյանը՝ հավելելով, որ վերջին տարիներին հայկական կողմերը սերտորեն աշխատում էին փոխզիջումային ձևակերպումների ուղղությամբ և անգամ բազմիցս մոտ են եղել լուծումների, բայց ադրբեջանական կողմը բազմիցս հետքայլ է արել:

Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ձեռք բերված համաձայնությունների կատարումը, ըստ Հայաստանի արտգործնախարարի, ստեղծելու է անհրաժեշտ պայմաններ՝ բանակցային գործընթացը վերսկսելու, խնդրի հանգուցալուծման չափորոշիչները համաձայնեցնելու, փոխզիջումային լուծումների որոնումը շարունակելու համար:

Պատասխանելով հարցին՝ որքանո՞վ է իրատեսական, որ Վիեննայի նշված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, Նալբանդյանը հույս է հայտնել, որ Բաքուն «չի խորտակի համանախագահ երկրների հույսերը, միջազգային հանրության սպասելիքները»:

«Համանախագահները բազմիցս հայտարարել են ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը վերահաստատելու կարևորության մասին, ներառյալ՝ այդ երկրների նախագահների մակարդակով ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հինգ հայտնի հայտարարություններում: Հայաստանը ոչ միայն խոսքով, այլ նաև գործով է հաստատել իր հանձնառությունը խաղաղ կարգավորմանը:

Համանախագահ երկրները բազմաթիվ անգամներ կոչ են արել հիմնահարցի բոլոր կողմերին անշեղորեն կատարելու 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերը: Ադրբեջանը մշտապես արհամարհում էր այդ կոչերը, իսկ վերջին ամիսներին միջազգային կազմակերպություններում այդ փաստաթղթերի դեմ, ես կասեի, «պարտիզանական պատերազմ» էր վարում՝ փորձելով հարցականի տակ դնել դրանց վավերականությունը: Համանախագահները անհապաղ համապատասխան արձագանք տվեցին այս փորձերին ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում», - հիշեցրել է Նալբանդյանը:

Միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը, նրա խոսքով, բազմից ընդգծվել է, այդ թվում՝ 2011 և 2012թթ. Սոչիում ընդունված՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարություններում, և բոլորովին վերջերս՝ անցյալ տարի, Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթաժողովի արդյունքներով համանախագահ երկրների համատեղ հայտարարությունում: «Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում էր դրա ստեղծումը», - ասել է նախարարը:

Այն, որ համանախագահ երկրների նախարարներն առաջին անգամ ներկա էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովին, ըստ Նալբանդյանի, ցույց է տալիս, թե համանախագահ երկրներն ինչպիսի հատուկ կարևորություն են տալիս նոր լարվածության կանխարգելմանը, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ բանակցային գործընթացը վերսկսելու պայմաններ ստեղծելու համար:

«Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հույսերը, միջազգային հանրության սպասելիքները», - եզրափակել է նա: