Երևանը հավանություն է տվել ՀԱՊԿ զորքերի նյութատեխնիկական ապահովման մասին համաձայնագրին
ՀՀ կառավարությունը մարտի 4-ի նիստում հավանություն է տվել ՀԱՊԿ հավաքական ուժերի նյութատեխնիկական և բժշկական համատեղ ապահովման մասին համաձայնագրի ստորագրմանը:
Նիստի ընթացքում ռազմական գերատեսչության ղեկավար Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ Պաշտպանության նախարարությանը եւ ԱԳՆ-ին հանձնարարվում է կազմակերպել միջազգային համաձայնագրի կնքումը:
«Համաձայնագրով կողմերն իրականացնում են համաձայնեցված ռազմատեխնիկական քաղաքականություն, որն ուղղված է ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) ապահովմանը սպառազինության, ռազմական եւ հատուկ տեխնիկայի արդի միատիպ եւ/կամ համատեղելի նմուշներով, ինչպես նաեւ նյութական միջոցներով»,-ասված է տվյալ համաձայնագրին հավանություն տալու որոշման նախագծում:
Երկրորդ փաստաթուղթը, ինչպես նշվել է նիստի ընթացքում, վերաբերում է ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործունեության մասին 2007 թվականի հոկտեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելուն:
«Առաջարկվում է որոշել, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կարող են ներգրավվել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում։ Դրա համար պետք է համաձայնագիր կնքվի ՄԱԿ-ի լիազոր ստորաբաժանումների հետ», - ասված է որոշման նախագծում։