24.11.2024
Այսօրվա դժվարությունները մեզ ոչ թե պետք է թևաթափ անեն, այլ համախմբեն. Արա Այվազյան
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի և ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավարի հետ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին եւ Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դեւիդ Հոֆմանին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:


Ողջունելով դեսպանին՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը եւ ընդգծել՝ ռազմագերիների եւ գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարեւորություն ունի հայկական կողմի համար: Խորհրդարանի խոսնակը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգներն առավել ակտիվորեն կներգրավվեն այս խնդրի շուտափույթ կարգավորման գործում:


Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, Միրզոյանը նաեւ ընդգծել է, որ արցախյան հիմնախնդիրը չի կարելի կարգավորված համարել, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա:


Դեսպան Թրեյսին իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին:


ԱՄՆԶԾ ղեկավար Դեւիդ Հոֆմանը Ազգային ժողովի նախագահին ներկայացրել է գործակալության ծրագրերը տարբեր ոլորտներում՝ անդրադարձ կատարելով խորհրդարանի աշխատանքներին եւ խորհրդարանի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին:


Կողմերը զրույցի ընթացքում քննարկել են հայ-ամերիկյան ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ երկուստեք ընդգծել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման կարեւորությունը: