23.11.2024
ԳՇ հայտարարությունը արվել է նախորդ իշխանությունների դրդմամբ. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ռուս-հայկական համալսարանի կարգավիճակում, գործունեության պայմաններում ոչինչ չի փոխվում

Ավելի վաղ այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանը հրաժարվել է Երևանում գործող Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրից։ ՌԴ կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:


Քանի որ լուրը բավականին աղմուկ բարձրացրեց, այս առնչությամբ համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հանդես եկավ պարզաբանմամբ, որում ասվում է.  


«Բավական աղմուկ բարձրացրեց այն տեղեկատվությունը, որ Ռուսաստանի Դաշնության կողմից 2015-ի մայիսի 14-ի Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների վերաբերյալ ՌԴ կողմից միջկառավարական համաձայնագիրը մերժվել է:


Ընդհանուր առմամբ, գլխադասային նախարարությունը՝ Գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը պարտավոր էր պարզաբանումներ ներկայացնել այս կապակցությամբ և չստեղծեր անհասկանալի իրավիճակ համալսարանի շուրջ՝ այդպիսով նպաստելով տարատեսակ մեկնաբանությունների առաջացմանը: Ստիպված ենք ամեն ինչ անել նրանց փոխարեն:


Այսպիսով՝

Ռուս-հայկական համալսարանի կարգավիճակում կամ գործունեության պայմաններում ոչինչ չի փոխվում: Բացարձակապես ոչինչ:


Համալսարանը հիմնադրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ի միջկառավարական համաձայնագրի համապատասխան և գործում է 2003 թվականի ապրիլի 23-ի միջկառավարական համաձայնագրին համապատասխան:


Հայկական կողմից  2015 թվականի մայիսի 14-ին վավերացված միջկառավարական համաձայնագիրը Ռուսաստանում չվավերացվեց ՌԴ ԱԳՆ-ի և Գիտության և բարձրագույն կրթության նախարարության միջեւ առկա անորոշ տարաձայնությունների պատճառով:


Իրականում հենց սա է ամբողջը:


Այնպես որ անհոգ եղեք ու պատրաստվեք նոր առաջընթացների», - գրել է Դարբինյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Արմեն Դարբինյանը դիմել էր Նիկոլ Փաշինյանին բաց նամակով, որում մեղադրել էր վերջինիս, որ տարբեր եղանակներով իրեն ստիպում են լքել ռեկտորի պաշտոնը.


«Վերջին ամիսների ընթացքում Ձեր ամենօրյա ազգակործան եւ պետականաքանդ գործունեությանը զուգահեռ վարչապետի աշխատակազմի եւ ԿԳՍՄ նախարարության զգալի ուժեր լծել եք Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորին պաշտոնանկ անելու անբովանդակ նպատակի իրագործմանը: Համոզվելով սակայն, որ նման տվայտանքները անիմաստ են եւ անարդյունք, Դուք գնացիք առավել Ձեզ բնորոշ եւ հարազատ ճանապարհով՝ անձնական օգտագործման ԱԱԾ-ի միջոցով փոխանցեցիք ինձ ռեկտորի հրաժարականի պահանջ:


Եթե որոշեմ հրաժարական տալ, ապա մեկ նպատակով՝ քաղաքականապես Ձեզ տապալել», - ասված էր բաց նամակում: