23.11.2024
Ռուս խաղաղապահների համար ևս չորս մոդուլային քաղաք է կառուցվել Ղարաբաղում
prev Նախորդ նորություն

Հայաստան-ԵՄ համաձայնագիրն ուժի մեջ է մտել

2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ է մտել Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության պաշտոնական կայքը։


Համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերին, հիմնական մասերի ժամանակավոր կիրառումն ուժի մեջ է մտել 2018-ի հունիսի 1-ից: Այն վավերացվել է Հայաստանի Հանրապետության, ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից՝ սահմանելով կարևոր նշաձող ԵՄ-Հայաստան հարաբերություններում։


«Մեր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այնպիսի պահի, երբ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև։ Այն կհաղորդի ուժեղ ազդակ առ այն, որ ԵՄ-ը և Հայաստանը հավատարիմ են ժողովրդավարական սկզբունքներին և օրենքի գերակայությանը, ինչպես նաև բարեփոխումների ավելի լայն օրակարգին: Համաձայնագրի նպատակն է՝ քաղաքական, տնտեսական, առևտրի ոլորտային ուղղություններով նպաստել Հայաստանի բարեփոխումների օրակարգի հետ կապված մարտահրավերների հաղթահարմանը և մարդկանց կյանքում մտցնել դրական փոփոխություններ»,- նշել է Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելը:


Համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է Եվրամիության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, ավելի շատ աշխատատեղերի և գործարար հնարավորությունների ստեղծումը, օրենսդրության կատարելագործումը, հանրային անվտանգության և ավելի մաքուր շրջակա միջավայրի ապահովումը, ինչպես նաև ավելի լավ կրթության և հետազոտական հնարավորությունների ապահովումը։


«Հայաստանի համար դժվար ժամանակներ են, այդուհանդերձ, Եվրոպական միությունը շարունակում է կանգնած լինել հայ ժողովրդի կողքին: ԵՄ-Հայաստան երկկողմ համաձայնագրի կիրարկման մարտի 1-ից ուժի մեջ մտնելը մեզ թույլ կտա ամրապնդել մեր գործակցությունը տնտեսության, կապի, թվայնացման և կանաչ վերափոխման գերակա ոլորտների խթանման ուղղությամբ։ Դրանք են Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնման և երկարաժամկետ դիմակայման բանալին։ Ներկայիս անհանգիստ օրերին խաղաղության պահպանումը, ժողովրդավարության և սահմանադրական կարգի նկատմամբ հարգանքը առանցքային են»,- ասել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։


Համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի արդիականացման համար, մասնավորապես` օրենսդրական շրջանակը ԵՄ նորմերին մոտարկելու միջոցով։ Այն ներառում է բարեփոխումներ օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ոլորտներում, մասնավորապես` անկախ, արդյունավետ և հաշվետու արդարադատության համակարգի ներդրմամբ։