23.11.2024
Զորամասում միջադեպ է եղել. ՊՆ-ն՝ սկանդալային տեսանյութի մասին
prev Նախորդ նորություն

Ռուս փորձագետը թերահավատորեն է վերաբերվում "Իսկանդերի" մասին Փաշինյանի խոսքերին

Ռուս ռազմական փորձագետ Յուրի Լյամինը թերահավատորեն է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Իսկանդեր» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգի կիրառված հրթիռները չեն պայթել ղարաբաղյան պատերազմի ժամանակ կամ պայթել են միայն 10 տոկոսով»:


«Հրթիռների մարտական մասը երբեմն իսկապես կարող է չաշխատել, բայց դա, ընդհանուր առմամբ, հազվագյուտ երեւույթ է նույնիսկ հին հրթիռների համար, որոնք երկար տարիներ պահվում են: Ես դրա համար ծայրահեղ թերահավատությամբ եմ ընդունում Փաշինյանի այս խոսքերը և, ընդհանուր առմամբ, դրանք համարում եմ սեփական սխալներն արդարացնելու փորձ», - ասել է նա VERELQ-ի հետ զրույցում։


Փորձագետի կարծիքով, ոչ միայն «Իսկանդերները», այլեւ ընդհանրապես հայկական օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները պատերազմի ընթացքում քիչ արդյունավետ են օգտագործվել:


«Հաշվի առնելով առկա հրթիռային ներուժը՝ հայկական կողմը կարող էր օգտագործել առկա հրթիռային համալիրները ռազմական ենթակառուցվածքի առանցքային օբյեկտներին հարվածելու համար՝ դրանք ավիացիոն բազաներ են, ռազմական պահեստներ, կառավարման հայտնի կետեր եւ այլն: Սակայն գործնականում դրանից ոչինչ չի արվել: Ինչպես օրինակ ցույց են տվել հակամարտությունները Մերձավոր Արեւելքում, նույնիսկ հին ՕՏՀՀ «Էլբրուս» եւ «Տոչկա» համակարգորը կարող են ստեղծել լուրջ գլխացավանք է հակառակորդի համար գրագետ կիրառման պարագայում՝ չնայած հակառակորդի օդում գերակայությանպայմաններում: Տվյալ դեպքում նույնիսկ այնպիսի խոշոր ու ակնհայտ ռազմական թիրախներին, ինչպիսիք են ռազմական ավիաբազաները, ոչ մի հայտնի հարված չի եղել։


Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ պատճառներն այստեղ քաղաքական էին, այսինքն՝ գուցե վախենում էին հակամարտության ավելի մեծ սրացում առաջացնել, վիրավորել թուրք խորհրդականներին և այլն։ Եվ Փաշինյանը հիմա փորձում է մտածել, թե ինչպես արդարանալ դրա համար», - ասաց փորձագետը։


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել:


«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է, որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, – խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:


Նվեր Մնացականյանը հետաքրքրվել է՝ այդպե՞ս էլ է լինում, վարչապետը նշել է. «Չգիտեմ»: