Փետրվարի 24-ին դատարանի վճռով 2016 թվականին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված ծայրահեղական խմբավորման անդամները մեղավոր ճանաչվեցին նրանց մեղսագրված բոլոր արարքներում: Դատարանը նրանց նկատմամբ նշանակեց պատիժ՝ ազատազրկման տեսքով։
Ըստ այդմ՝ դատարանի դատավճռով Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ մահվան հիմքով: Դատական ակտով Պավել Մանուկյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում եւ դատապարտեց 10 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագանձման, նշանակված պատիժը հաշվակցելով՝ նրա նկատմամբ պատիժ նշանակվեց 7,8 տարվա ազատազրկումը: Մանուկյանի նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոց գրավը թողնվեց անփոփոխ՝ մինչեւ դատական ակտի ուժի մեջ մտնելը:
Վարուժան Ավետիսյանը նույնպես մեղավոր ճանաչվեց մեղադրանքներում եւ դատապարտվեց 9 տարի ազատազրկման, վերջնական պատիժը՝ 7,4 տարի: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը թողնվեց անփոփոխ՝ մինչեւ դատական ակտի ուժի մեջ մտնելը:
Դատավճռով Մխիթար Ավետիսյանը դատապարտվեց 9,5 տարվա ազատազրկման, վերջնական պատիժ նշանակվեց 7,6 տարին: Էդվարդ Գրիգորյանը դատապարտվեց 8 տարի ժամկետով, սակայն վերջնական պատիժ նշանակվեց 6,6 տարի ժամկետով ազատազրկումը: Դատական ակտով Գագիկ Եղիազարյանի նկատմամբ պատիժ նշանակվեց 9 տարվա ազատազրկումը, սակայն վերջնական պատիժ նշանակվեց 7,5 տարի ազատազրկումը:
Արեգ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարի ազատազրկման՝ նշանակված պատիժը հաշվակցելով 7 տարի մեկ ամիս ժամկետով:
Սեդրակ Նազարյանը նույնպես մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում եւ դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, սակայն պատիժը հաշվակցելով՝ դատարանը վերջնական պատիժ նշանակեց 8,2 տարին:
Երկու ոստիկանի սպանության համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարվա ազատազրկման, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ:
Դատավճռով Արմեն Բիլյանն արդարացվեց ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ ճանաչելով եւ հռչակելով նրա անմեղությունը մեղադրանքում: Բիլյանը, սակայն, մեղավոր ճանաչվեց այլ արարքներում եւ դատապարտվեց 9 տարվա ազատազրկման, սակայն վերջնական պատիժ նշանակվեց 4 տարի 11 ամիսը: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվեց, եւ նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Մինչեւ դատական ակտի ուժի մեջ մտնելը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: