23.11.2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 166 նոր դեպք և 7 մահ
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորվածությունը տարածաշրջանի հիմնական մարտահրավերներից է. ԱԳՆ

Հայ ժողովրդի անվտանգության լիարժեք ապահովումը եղել և մնում է արտաքին գործերի նախարարության առաջնահերթությունը: Իսկ ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանի հիմնական մարտահրավերներից մեկը: Այս մասին ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը: 


«Ղարաբաղի նկատմամբ Թուրքիայի անմիջական աջակցությամբ ու մասնակցությամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանքները, Ղարաբաղի տարածքի մի մասի օկուպացիան չեն կարող համարվել այս հակամարտության լուծում: Միայն քաղաքական բանակցային գործընթացն է հնարավոր համարել այս հակամարտության ավարտ, որը հաշվի կառնի հակամարտության բոլոր կողմերի իրավունքներն ու կորոշի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»,- ասաց Այվազյանը:


Նա նշեց, որ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային հանրության կողմից ճանաչված միակ ձևաչափն է: Հայկական կողմը, նախարարի խոսքով, պատրաստ է վերսկսելու բանակցային գործընթացը, սակայն խոչընդոտներ կան.


«Դրա համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան մթնոլորտ, որը կնպաստի խաղաղության հասնելուն, իսկ այդպիսի նախադրյալներն ադրբեջանական կողմից առայժմ տեսանելի չեն: Դրա վկայությունն է Ադրբեջանի կողմից անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար բաղադրիչի չկատարումը, ինչը դրսևորվում է ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում խոչընդոտներ ստեղծելով»,- ասաց Հայաստանի արտգործնախարարը:


Արա Այվազյանը նաև հավելեց, որ Հայաստանը շարունակելու է աջակցել բանակցային գործընթացի գործող ձևաչափին և ակնկալում է ուժեղ համանախագահություն տեսնել տարածաշրջանում, որը կապահովի իր մանդատի հիմնական բովանդակությունը՝ խաղաղ գործընթացի առաջխաղացումը: