Սերժ Սարգսյանի ակտիվությունը, հատկապես արտահերթ ընտրությունը մերժելու կոշտ դիրքորոշման համատեքստում, բավական խնդիրներ առաջացնում է Ռոբերտ Քոչարյանի համար: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:
Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանը չի դրսևորում Ռոբերտ Քոչարյանին ճանապարհ բացելու միտում: Սարգսյանը առանցքային դեր է խաղալու գործընթացներում և արդեն իսկ հայտարարել է, որ ինքը չի հանձնվելու, մնալու է ակտիվ քաղաքականության մեջ.
"Ռոբերտ Քոչարյանն արդեն բաց հայտարարել է իր վերադարձի մասին: Նրա վերջին հարցազրույցները տողատակում ակնհայտ պարունակում էին հարցադրում հենց շարժմանը` կամ դուք դիտարկում եք ինձ առաջնորդ և առաջատար, կամ ես չունեմ ձեր կարիքը, ես ինքս ունեմ բավարար ռեսուրս` իմ քաղաքական ծրագրերը իմ ուժերով, իմ թիմով առաջ տանելու համար, այսինքն` ցույց էր տալիս, որ ինքն այս շարժման կարիքը չունի, շարժումը գուցե ունի իր կարիքը: Թե ինչպիսին է իրական հարաբերակցությունը՝ կդժվարանամ ասել",-նշեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե այս ամենը ի ցույց է դնում հակասությունները նախկին նախագահների միջև, վերլուծաբանն ասել է, որ ակնհայտ կա՝ մեկն առնվազն ընտրությանը կողմ է արտահայտել` Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, մյուսը դեմ է կտրականապես:
«Սա էական տարակարծություն է, իմ կարծիքով, որովհետև վերաբերում է արտահերթ ընտրությանը: Սերժ Սարգսյանն ունի իր շրջանակը, Ռոբերտ Քոչարյանն` իր շրջանակը, եթե կա արմատական դիրքորոշում, ապա առաջանում է նաև այդ շրջանակների վարքագծի կառավարում և այլն: Եվ այստեղ ակնհայտ է պայքարը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ինքը մեծ քաղաքականությունից դուրս չի եկել և դուրս էլ չի գալու: Եվ էական չէ, երբ նա ասում է, թե չի հավակնելու ղեկավար պաշտոնի: Էականն այն է, որ ինքը հայտարարում է, որ խաղալու է, և դա հայտարարում է Ռոբերտ Քոչարյանի հայտից հետո: Այսինքն` Սերժ Սարգսյանն ամենևին չի դրսևորում Քոչարյանին ճանապարհ բացելու նպատակ կամ միտում: Սա, իհարկե, գալիս է դեռևս նրանց իշխանության շրջանում եղած իրողություններից»,- հավելեց Բադալյանը: