Ես այդ հայտարարությունը խմբագրել եմ երեք անգամ: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախաագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով 2018 թվականի գարնան իրադարձությունների ու իր հրաժարականի հայտարարության մասին:
"Առաջին անգամ՝ ապրիլի 23-ի առավոտյան՝ ավելացրել եմ մի քանի նախադասություն, այնուհետև հայտարարության տեքստը դրել եմ կողքի, մի 30-40 րոպե հանգիստ մտածել եմ, այնուհետև այդ նախադասություններից կրճատել եմ որոշ բաներ, պարզեցրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ կարծիքով՝ այդպիսի տեքստը կարող էր իրավիճակն էլ ավելի թեժացնել, և երբ որ որոշ ժամանակ հետո իմ պատկերացմամբ՝ այդ տեքստն արդեն իր վերջնական տեսքն ուներ, հրավիրել եմ վարչապետ Կարեն Կարապետյանին (հիշեցնենք, որ այդ ժամանակահատվածում ՀՀ վարչապետ էր հենց Սերժ Սարգսյանը, իսկ Կարեն Կարապետյանը առաջին փոխվարչապետն էր - VERELQ) և ուղիղ նրան հարցրել՝ ասելով հետևյալը. «Կարե՛ն ջան, պարո՛ն վարչապետ, ես կարծում եմ, որ հանգուցալուծումը կարող է լինել իմ հեռանալով, պատրա՞ստ ես արդյոք այս իրավիճակում ամբողջ պատասխանատվությունը վերցնել քեզ վրա»։ Նա անմիջապես ասաց՝ այո, ինչը ես գնահատում եմ։ Ասացի՝ ուրեմն պայմանավորվենք հետևյալ կերպ՝ մենք որոշ ժամանակ հետո պետք է գնանք նախագահական (այնտեղ խորհրդակցություն կար Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ), և այդ խորհրդակցությունից անմիջապես հետո կարող ես գնալ մեկուսարան և նրանց հայտնել, որ ես այսօր հրաժարական եմ տալու, թող նրանք իրավիճակը լիցքաթափեն։ Չմոռանանք, որ հաջորդ օրը ապրիլի 24-ն էր։ Պայմանավորվեցինք",- պատմել է Սարգսյանը։
Ճշտող հարցին՝ խոսք չի՞ եղել նրանց իշխանություն փոխանցելու մասին այդ ժամանակ, Սերժ Սարգսյանն արձագանքել է՝ խոսքը եղել է իր հրաժարականի մասին։
Հարցին՝ ապրիլի 23-ին ընդդիմությունը դա որպես իրենց հաղթանակ նշեց, գուցե Կարապետյանը իրենց ա՞յլ բան է ասել, Սերժ Սարգսյանն ասաց.
"Ես չեմ կարծում, որ Կարապետյանն իրենց այլ բան կասեր։ Կարապետյանը նրանց չէր ասել, նրանց հետ չէր խոսել իշխանության փոխանցման մասին, Կարապետյանը նրանց ասել էր, որ ես հրաժարական եմ տալիս։ Դրանից հետո ես Կարեն Կարապետյանին ցույց եմ տվել իմ հրաժարականի տեքստը և նրա խնդրանքով ևս մի պարբերություն հանել։ Դա երրորդ խմբագրումն էր"։
Ճշտմանը՝ կարո՞ղ եք լիարժեքորեն ասել, որ ուղերձը եղել է դա, Կարապետյանին էլ է Ձեր ուղերձը եղել դա, որ իրեն չեք տալիս իշխանություն, հետո գործող իշխանությանը դա փոխանցելու հաշվարկով, այլ իրեն եք վստահում պետության կառավարումը, նախկին նախագահը հավելել է.
"Խոսակցությունն այդպես ուղիղ էլ եղել է։ Բացի դրանից՝ ես ապրիլի 23-ին վարչապետ էի, Կարեն Կարապետյանը՝ առաջին տեղակալ, և վարչապետի հրաժարականից հետո երկրի կառավարումն անցնում է առաջին տեղակալին, դա միանշանակ է, այստեղ որևէ կասկած չկա։ Ես նորից եմ կրկնում՝ իմ ասածի մեջ որևէ միտում չկա, որ սրանց իշխանության գալու մեջ ես որևէ մեղք կամ հանգամանք չունեմ։ Ոչ, ես ուղղակի ասում եմ իրականությունը ու նորից եմ կրկնում՝ ուղիղ եմ ասում՝ չմեղադրելով Կարեն Կարապետյանին"։