24.11.2024
Վարչապետին ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտի 2020թ. արդյունքները և 2021թ. ծրագրերը
prev Նախորդ նորություն

Իշխանությունները փորձում են ձևավորել գրպանային ռեկտորների ինստիտուտ. քննարկում ԱԺ-ում

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրինագծի քննարկումներն ավարտվեցին: Իշխող դաշինքը դրական է գնահատում կառավարության ներկայացրած օրինագիծը, ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը` դեմ է, «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը միանշանակ չէ:


«Լուսավոր Հայաստան»


Ելույթ ունենալով խմբակցության անունից «Լուսավոր Հայաստան»-ից ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշել է, որ օրինագիծը շատ կարևոր է և պարունակում է մի շարք դրական և կարևոր բարեփոխումներ: Դրական կողմերի թվում նա մասնավորապես նշել է կրեդիտների փոխադարձ ճանաչումը, ֆինանսավորման տրամաբանության և մեխանիզմների փոփոխությունը։ Պատգամավորը կարևորեց բուհերի միջև մրցակցային պայմանների ձևավորումը, որը կհանգեցնի կրթության որակի աճին:


Դրա հետ մեկտեղ, Գորգիսյանը կարեւորել է բոլոր բուհերի համար մրցակցության հավասար պայմանների ձեւավորումը: «Եթե մենք տալիս ենք ԵՊՀ-ին արտոնություններ, մենք քանդում ենք հավասար մրցակցային պայմանների սկզբունքը և ստեղծում ենք ուսանողների հոսքը դեպի այս ԲՈւՀ ուղղելու նախադրյալներ, քանի որ այնտեղ ավելի շատ ծրագրեր ու հնարավորություններ կլինեն։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ ԵՊՀ-ն նույն պետական բուհն է, ինչ մյուսները։ Ուստի մենք կարևորում ենք այդ դրույթի վերանայումը», - ասել է նա։


Գորգիսյանը նաեւ նշել է, որ Սահմանադրությամբ ամրագրված բուհերի ինքնակառավարման իրավունքը չպետք է ձևականություն լինի: «Եթե մենք սահմանում ենք, որ բուհեր ընդունվելու կարգը և ատեստավորման կարգն ավարտվելու դեպքում սահմանում է կառավարությունը, եթե ինքնակառավարման հարցում որոշիչ դեր է խաղալու կառավարությունը, ապա ավելի լավ է ուղղակի հայտարարի, որ ռեկտորները նշանակվելու են կառավարության կողմից և անեն այն, ինչ իրենց կասի կառավարությունը», - հայտարարեց պատգամավորը:


«Բարգավաճ Հայաստան»


ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության անունից ելույթ ունենալով, հայտարարել է, որ օրինագիծը հակասում է բուհերի ինքնակառավարման սկզբունքին: Նա հիշեցրել է, որ օրինագծին համապատասխան կառավարման խորհուրդները բաղկացած կլինեն 9 հոգուց, որոնցից 5–ը կնշանակվեն լիազոր մարմնի՝ ԿԳՄՍՆ-ի կողմից:


Զոհրաբյանը վստահ է, որ կառավարության կողմից նշանակված խորհուրդների անդամներն օբյեկտիվ չեն լինելու, այլ կատարելու են իշխանությունների քաղաքական պատվերները: «ԿԳՄՍՆ-ն քաղաքական կառույց է, ուստի ռեկտորի երեք ընտրված թեկնածուներից, արդյունքում բուհը կգլխավորի նա, որից գոհ է իշխանությունը։ Այն գործընթացները, որոնք այսօր ընթանում են կրթության ոլորտում, տրամաբանական շարունակությունն են այն ամենի, ինչ անում էին նախկին իշխանությունները», - հայտարարեց պատգամավորը։


Նա վստահ է, որ իշխանությունները փորձում են ձևավորել գրպանային ռեկտորների ինստիտուտ։


Զոհրաբյանի խոսքով՝ ի վերջո իշխանություններն արեցին այն, ինչ պատրաստվում էին անել ի սկզբանե – հայագիտական առարկաների դասավանդումը կանգ է առել բուհի հայեցողության վրա։ Պատգամավորը դա համարեց «ազգային ինքնության դեմ ուղղված արշավ»։ «Ես դեմ չէի լինի այդ մոդելին, եթե դպրոցներում հայոց լեզվի դասավանդումը պատշաճ մակարդակի վրա լիներ։ Բայց ներկա պայմաններում բարեփոխումն անընդունելի է», - հայտարարեց պատգամավորը ։


«Իմ քայլը»


«Իմ քայլը» իշխող դաշինքը կողմ է օրինագծի ընդունմանը, թեև խոստանում է մեծածավալ փոփոխություններ մտցնել օրինագծում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում։ Իշխող դաշինքի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարել է, որ գլխադասային հանձնաժողովի պատրաստած փոփոխությունները 70 էջ են կազմում։


Ելույթ ունենալով խմբակցության անունից՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ օրինագիծը բնավ չի հարվածում բուհերի ինքնակառավարման սկզբունքին, խնդիրը միայն խորհուրդների ձեւավորման և բուհերի ակադեմիական ազատության վերաբերյալ մոտեցումների տարբերության մեջ է:


Նա նշել է, որ դա առավելագույնս ապաքաղաքական օրինագիծ է, և չպետք է դրանում քաղաքական ենթատեքստ փնտրել։ Պատգամավորը ընդդիմադիր գործընկերներին կոչ է արել միասին աշխատել օրինագծի ուղղումներին։