Մինսկի խումբը կարող է նպաստել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության ամրապնդման. ՌԴ ԱԳՆ
Այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա համանախագահները կարող են ակտիվություն դրսևորել հայերի և ադրբեջանցիների միջև վստահություն ստեղծող քայլեր ձեռնարկելու գործում: Երկխոսության զարգացումը քաղաքացիական հասարակության շրջանակներում կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր բարելավմանն ու քաղաքական ուղու հետագա քայլերի նախադրյալների ստեղծմանը: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
"Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի, նրանք կարևոր ներդրում են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնցից շատերն արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Սա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների Ադրբեջանին վերադարձնելուն, փախստականների վերադարձին, Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի պահպանմանը, անվտանգությանը, խաղաղապահների գործողություններին, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը և այլն",- ասել է նա:
Ռուդենկոն ասել է, որ համանախագահները միջազգային ուժեղ աջակցություն ունեն և կարող են օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում՝ կարգավիճակի մասով փոխընդունելի մոտեցումների մշակման համար:
"Բայց զգուշավոր, առանց շտապելու, երբ ժամանակը գա",- շեշտել է նա: