26.11.2024
Կայացել է ապաշրջափակման հարցերով եռակողմ փորձագիտական ենթախմբի նիստը
prev Նախորդ նորություն

Հարվածային անօդաչու թռչող սարքերն անցնում են ՀՀ պետական փորձարկումներ. նախարար

Հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերն անցնում են պետական փորձարկումներ, այնուհետև կանցնեն ռազմական փորձարկումների փուլը, որին կհաջորդի սերիական արտադրությունը: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:


Նախարարը հիշեցրեց, որ կառավարությունն առաջնահերթություն է տվել ռազմարդյունաբերության ոլորտին: Անդրադառնալով հրետանային տեխնիկայի, հրետանային միջոցների, ինչպես նաև ռազմամթերքի արտադրման հնարավորություններին՝ նա ասաց. «Այն հնարավորությունները, որոնք ստեղծվել են, 2021-ին արդեն իսկ ի վիճակի կլինեն մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բավարարել Հայաստանում: Դա վերաբերում է թե հրետանային միջոցների, թե ականանետերի, ձեռքի նռնականետերի և այլ ուղղությունների: Բավականին լուրջ ներդրումներ են կատարվել Հայաստանում: Եվ այս առումով մենք արդեն արտադրական պրոցես ունենք, և դրա ընդլայնման հնարավորություն 2021-ին»: Նախարարին, առնվազն վերջին 2 տասնամյակում, հայտնի չեն նմանատիպ հնարավորություններ, գրում է «Արմենպրեսը»:


Անդրադառնալով հարվածային, հետախուզական անօդաչու թռչող սարքերին՝ նախարարը հիշեցրեց, որ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական ծրագրերի շրջանակներում կային ֆինանսավորված տասնյակ նախագծեր: «Դրանց մի մասն արդեն իրենց տրամաբանական ավարտին են հասցվում: Թե հարվածային, թե հետախուզական տեսանկյունից, արդեն իսկ արտադրական հնարավորությունների ենք հասնում: Հետախուզական ԱԹՍ-ները, որոնք իրենց պարամետրերով նմանատիպերին չեն զիջում, արդեն իսկ կարող են արտադրվել Հայաստանում»,-ասաց Արշակյանն ու հավելեց, որ դրանք լայնորեն կիրառվել են Արցախի պատերազմի ընթացքում ԶՈՒ-ի կողմից:


Այսպիսով, հայկական արտադրության հետախուզական ԱԹՍ-ների արտադրական հնարավորություններ արդեն կան, նախարարի խոսքով՝ նաև պատշաճ կիրառվել են: «Հարվածայինի մասով, պետական փորձարկումները որոշ դեպքերում արդեն անցնում են, կանցնեն ռազմական փորձարկումներ և կգնան սերիական»,-ասաց Արշակյանը:


Ինչ վերաբերում է ռադարային տեխնոլոգիաներին, որոնք օգտագործվում են հակաօդային պաշտպանության սարքերի ուղղությամբ՝ նախարարը վստահեցրեց, որ հայկական մշակումները բավականին մեծ հաջողությամբ կիրառվել են: Այդ ուղղությունը կառավարության համար նույնպես բարձր առաջնահերթություն ունի: «Այս ուղղություններով մենք շարունակելու ենք ֆինանսավորումները. ռադարային համակարգեր, կապի համակարգեր, օպտիկական և տեսադիտարկման, օպտիկալազերային համակարգեր: Օպտիկական տեսադիտարկման համակարգերի մասով մենք նույնպես ունենք բավականին լուրջ մշակումներ, արդեն իսկ արտադրական հզորություններ, առաջիկայում դրանք կընդլայնվեն, և ավելի մեծ հնարավորություններ կստեղծվեն թե մեր ԶՈՒ-ի ձեռքբերումների տեսանկյունից և թե արտահանման տեսանկյունից»,-ասաց Արշակյանը:


Անդրադառնալով ռազմաարդյունաբերության հատկացումներին՝ նախարարն ասաց, որ 2017-ին արվել է 1.6 մլրդ դրամ հատկացում՝ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասով: 2018-ին այն աճել է մինչև 2.4 մլրդ դրամ, 2019-ին՝ 3.8 մլրդ դրամ, 2020-ին փաստացի կազմել է 3.3 մլրդ դրամ, դրան գումարվել է ևս 3.4 մլրդ դրամ լրացուցիչ հատկացում՝ պատերազմի մեկնարկին զուգահեռ: 2021-ին նախատեսվում է 4.6 մլրդ դրամ: «Այսինքն, եթե համեմատենք 2017-ի հետ, հատկացումները գերազանցում են ավելի քան 2.5 անգամ»,-ասաց Արշակյանը: