Հայաստանում 2020-ին, չնայած համավարակին և պատերազմին, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ընկերությունների շրջանառությունն աճել է 20.6 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ամփոփելով 2020-ի ցուցանիշները:
«Կորոնավիրուսը և պատերազմը նախորդ տարի որոշակիորեն խոչընդոտել են ծրագրերի իրականացմանը», - հիշեցրել է նախարարն ու հավելել, որ չնայած այսդ երկու շոկերին 2020-ին Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտն աճել է երկնիշ ցուցանիշներով: «Ընկերությունների շրջանառությունն աճել է 20.6 տոկոսով և կազմել շուրջ 198 մլրդ դրամ: Նկատի ունեցեք, որ այստեղ ներառված են բացառապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ընկերությունները և ներառված չեն կապի օպերատորները»,-ասել է Արշակյանը:
Ոլորտում ներգրավված աշխատակիցների թիվն աճել է 22 տոկոսով՝ հասնելով 18 հազար 747-ի: Ակտիվ ընկերությունների թիվը նույնպես աճ է արձանագրել: «Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող 1228 ակտիվ ընկերություն է առկա, 2020-ին 192 նոր ընկերություններ ստացել են հավաստագրեր և կօգտվեն հարկային արտոնություններից, որոնք սահմանված են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության քաղաքականությամբ և օրենքով», - ասել է նա:
Նխարարի խոսքով, հայկական ծագում ունեցող ստարտափերն այն ընկերություններն են, որոնք Հայաստանում ունեն իրենց գիտահետազոտական կենտրոնները, և այստեղ է ստեղծվել մտքի արդյունքը. 2020-ին շուրջ 50 մլն դոլարի ներդրումներ են ներգրավել՝ հիմնականում արտասահմանից:
«Սա նշանակում է, որ Հայաստանում ստեղծվել են գիտատար պրոդուկտներ և ընկերություններ, որոնք կարողացել են այնպիսի արդյունքներ ցուցաբերել, որ հետաքրքիր են դարձել վենչուրային ներդրողների, այլ ներդրողների համար: Եվ իրենց այդ գիտելիքահեն պրոդուկտների միջոցով կարողացել են ներգրավել շուրջ 50 մլն դոլարի ներդրումներ»,-նշել է Արշակյանն ու հույս հայտնել, որ առաջիկայում այդ թվերը կավելանան:
Ոլորտի ընկերությունների վճարած հարկերը նախորդ 2019-ի նկատմամբ աճել են 14 տոկոսով, գերազանցում են 41 մլրդ դրամը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտով հետաքրքրվածների համար նախարարը նաև ոլորտում աշխատավարձերի մասին մանրամասներ հայտնել: «Մաքուր աշխատավարձը՝ առանց հարկերի, 2019-ին միջինը 543 հազար 982 դրամ է կազմել, իսկ 2020-ին՝ գերազանցել է 580 հազար դրամը», - եզրափակել է նա: