2021 թվականի հունվարի 15-ին եւ փետրվարի 1-ին Դատարանը հայցեր է ստացել Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի եւ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գործերով, ասվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտարարության մեջ:
Ավելի վաղ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին եւ հոկտեմբերի 27-ին, Դատարանը խնդրանքներ էր ստացել Հայաստանից եւ Ադրբեջանից ապահովական միջոցների կիրառման մասին: 2020-ի սեպտեմբերի 29-ին Դատարանը ժամանակավոր միջոցներ տրամադրեց:
Համարելով, որ զարգացող իրավիճակը Կոնվենցիայի լուրջ խախտումների ռիսկ է ստեղծում` Դատարանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ արեց զերծ մնալ ցանկացած միջոցառումներից, մասնավորապես` ռազմական գործողություններից, որոնք կարող են քաղաքացիական անձանց` Կոնվենցիայով նախատեսված իրավունքների ոտնահարման հանգեցնել:
2020 թվականի նոյեմբերի 4-ի հայտարարության մեջ Դատարանը պարզաբանել էր, որ պետությունները նաեւ պարտավոր են հարգել այն մարդկանց` կոնվենցիայիով նախատեսված իրավունքները, ովքեր գերեվարվել են հակամարտության ընթացքում, եւ նրանց, ում իրավունքները հակառակ դեպքում կարող էին ոտնահարվել:
Բացի այդ, Դատարանը բազմաթիվ հայցեր է ստացել է 39 Կանոնի համաձայն ենթադրյալ գերիների վերաբերյալ, որոնք ներկայացվել են Հայաստանի կամ Ադրբեջանի կառավարություններից, գերիների կամ գերիների հարազատների կողմից:
Ստացված հայցերը վերաբերում են 241 մարդու` 228 հայի եւ 13 ադրբեջանցու: Դատարանը պատասխանող կառավարությանն առաջարկել է տեղեկատվություն տրամադրել համապատասխան անձանց վերաբերյալ: Միեւնույն ժամանակ, Դատարանը կա՛մ կասեցրել է գործի քննությունը 39-րդ Կանոնի համաձայն, երբ պատասխանող պետությունը տեղեկություններ է տրամադրել իրենց գերիների մասին, կա՛մ կիրառել է 39-րդ Կանոնը, երբ Կառավարությունը բավարար տեղեկատվություն չի տրամադրել կամ ընդհանրապես որեւէ տեղեկատվություն չի տրամադրել:
Վերոհիշյալ միջպետական դիմումները պնդումներ են պարունակում պատասխանող պետությունների կողմից Կոնվենցիայի տարածված խախտումների մասին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում, այդ թվում` պատահական հարձակումների խաղաղ բնակիչների, ինչպես նաեւ քաղաքացիական եւ պետական գույքի եւ ենթակառուցվածքների վրա, մահապատիժների, դաժան վերաբերմունքի զինվորականների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ, ռազմագերիների գերեվարման եւ պատերազմից տուժած տարածքներում քաղացիական բնակչության բռնի տեղահանման մասին:
Ադրբեջանը հավելյալ հայտարարում է, որ «1992 թվականից ի վեր Հայաստանը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում խախտումների համար, այդ թվում` հարյուր հազարավոր ադրբեջանցիների` իրենց տներից շարունակվող տեղահանման, Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի եւ առանց պատշաճ քննության նրանց անհետացման, մշակութային եւ կրոնական ունեցվածքի ոչնչացման համար»: