24.11.2024
Հայաստանում երեք օրում բացահայտվել է 101 հանցագործության դեպք
prev Նախորդ նորություն

Արցախցիների խնդիրներով զբաղված են ռուս խաղաղապահները, ամոթից գետինը չե՞ք մտնում. Ղուկասյան

Արցախցիներն այսօր շատ և շատ խնդիրներ ունեն Հայաստանում և ներքաղաքական պայքարում կուսակցությունները չպետք է մոռանան այս մարդկանց խնդիրների մասին: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:

Վերջինս նշեց, որ մի քանի ամիս է իրենց քաղաքական ուժը զբաղվում է արցախցի փախստականների խնդիրներով, հնարավորինս աջակցում նրանց, բարձրաձայնում խնդիրները, բայց սա այն հարցն է, որը պետք է լուծվի պետության կողմից: Մինչդեռ կառավարությունը անտերության է մատնել արցախցիներին.

«Այդ իսկ պատճառով ցանկանում եմ դիմել կառավարությանը, որն ուղղակի չի զբաղվում արցախցիների խնդրով. արցախցիներն այսօր բազմաթիվ խնդիրներ ունեն, բայց ամենալուրջ խնդիրն այն է, որ նրանք չունեն հստակ կարգավիճակ, չունեն փախստականի կարգավիճակ: Պետությունը նրանց այդ կարգավիճակը չի տվել, որը թույլ կտա նրանց կա՛մ հաստատվել Հայաստանում, կա՛մ մեկնել այլ երկրներ»,- ասաց Ղուկասյանը՝ կոչ անելով անհապաղ լրացնել այս բացը:

Մեկ այլ խայտառակ երևույթի մատնացույց արեց Արման Ղուկասյանը. պարզվում է, որ պետության կողմից արցախցիներին տրամադրվող 68 հազար դրամ աջակցությունը լիարժեք չի հասնում շատ մարդկանց, որովհետև եթե արցախցին թոշակառու է, ապա նրան տրամադրվող այդ գումարից հանվում է թոշակը և տակը մնում է ընդամենը մի քանի հազար դրամ, որն էլ, փաստացի, կազմում է պետության ֆինանսական աջակցությունը.


«Սա խայտառակություն է՝ մարդկանց թոշակը ներառել պետության կողմից տրվող 68 հազար դրամ օգնության մեջ»,- շեշտեց նա:

«Ես ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, որ ԱԺ ամբիոնից մատ է թափ տալիս, խոսա այս մարդկանց կոնկրետ խնդիրների մասին, քանի որ դա է առաջնային, այլ ոչ թե այն հարցերը, որ նա բարձրաձայնում է: Արցախցիների խնդիրներով զբաղվում են ռուս խաղաղապահները, թեև սա նրանց ուղղակի գործառույթը չէ, պետք է պետությունը դրանով զբաղվի, բայց մենք տեսնում ենք տոտալ անտարբերություն պետական մակարդակով»,- ավելացրեց Ղուկասյանը:

Նա շարունակեց՝ ՌԴ նախագահի անմիջապես հանձնարարությամբ ռուս խաղաղապահները, փաստորեն, իրականացնում են ՀՀ իշխանությունների գործառույթները.


«Հարց է առաջանում՝ ՀՀ իշխանությունները ամոթից գետինը չե՞ն մտնում այս իրողությունից: Եվ դրանից հետո խոսալ նրա մասին, որ իրենք դեսպաններ պետք է նշանակեն ուղղակի զավեշտ է: Ի՞նչ դեսպան, եթե դու չես կարողանում ապահովել քո քաղաքացիների կյանքի իրավունքը: Մնացածը այս ֆոնին ուղղակի խոսակցություններ են, որոնք արհեստականորեն օրակարգ են մղվում իրենց դեմքը փրկելու համար»,- շեշտեց բանախոսը:

Նա նկատեց, որ Հայաստանում շատ հասարակական կազմակերպություններ, անհատներ, կամավորներ օգնում են արցախցիներին, փորձում թեթևացնել նրանց հոգսերը, բայց սա խնդրի լուծում չէ: Հետևապես, կրկնեց նա իր կոչը, կառավարությունը պետք է վերջապես զբաղվի արցախցիների հարցով, որոնք առանց այդ էլ ծանրագույն վիճակում են գտնվում: