Հայաստանի համախառն պետական պարտքը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 7 968,5 մլն դոլար՝ 2019 թվականի նույն ցուցանիշի համեմատ աճելով 647,2 մլն դոլարով, ասվում է ֆինանսների նախարարության հաշվետվության մեջ, փոխանցում է ԱՌԿԱ-ն:
Ընդ որում, դրամային արտահայտությամբ մեկ տարվա ընթացքում պետական պարտքն աճել է 652,3 մլրդ դրամով՝ 2020 թվականի վերջին կազմելով 4 տրլն 164,3 մլրդ դրամ։
Ըստ ֆինանսների նախարարության տվյալների, ընդհանուր պարտքի կառուցվածքում շուրջ 7 508,5 մլն դոլարը բաժին է ընկնում Հայաստանի կառավարության պարտքերին, որն ավելացել է 676,6 մլն դոլարով: Ընդ որում դրամային համարժեքով աճը կազմել է 646,6 մլրդ դրամ եւ հասել 3 տրլն դոլարի:
Իսկ հանրապետության կենտրոնական բանկի պարտքը 2020 թվականի արդյունքներով դոլարային համարժեքով կրճատվել է 29,4 մլն դոլարով եւ կազմել 459,9 մլն դոլար: Ընդ որում, դրամային համարժեքով այն աճել է 5,7 մլրդ դրամով եւ կազմել 240,4 մլրդ դրամ:
Կառավարության պարտքի կառուցվածքում Հանրապետության արտաքին պետական պարտքը 2020 թվականի վերջի դրությամբ կազմել է 5 593,2 մլն դոլար՝ 2019 թվականի վերջի ցուցանիշի համեմատ աճելով 298 մլն դոլարով:
Հայաստանի ներքին պարտքը 2020 թվականի վերջին կազմել է 1 915,3 մլն դոլար ’ ավելանալով 378,6 մլն դոլարով:
Ընդ որում, մոտ 1 834,8 մլն դոլարը բաժին է ընկնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերին, արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 80,6 մլն դոլար, ներքին երաշխիքներով ցուցանիշը ներկայացված չէ:
Fitch Ratings գործակալության հոկտեմբերյան կանխատեսման համաձայն, Հայաստանի պետական պարտքը 2019 թվականի վերջի դրությամբ ՀՆԱ-ի 53,5 տոկոսից կաճի մինչեւ 63,9 տոկոս 2020 թվականի վերջի դրությամբ:
ԱՄՀ-ի դեկտեմբերյան կանխատեսման համաձայն, Հայաստանի պետական պարտքը միջնաժամկետ հեռանկարում կկրճատվի ՀՆԱ-ի մոտ 60%-ի չափով: Ավելի վաղ՝ ընթացիկ տարվա նոյեմբերին, ԱՄՀ–ն կանխատեսում էր, որ Հայաստանի պետական պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը 2020 թվականին եւ կշարունակի աճել 2021 թվականին՝ հասնելով ՀՆԱ-ի մոտավորապես 69 տոկոսի:
Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նոյեմբերին հայտարարել էր, որ 2020 թվականի արդյունքներով երկրի պետական պարտքի մակարդակը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 66,5 տոկոս, 2019 թվականի 49,9 տոկոսի դիմաց, իսկ 2021 թվականին կհասնի 67 տոկոսի:
Ավելի վաղ Ջանջուղազյանը նշել էր, որ Հայաստանը պարտքային բեռը կավելացնի 260 մլրդ դրամով COVID-19-ի պայմաններում, ինչի արդյունքում 2020-ի բյուջեի դեֆիցիտը կարող է կազմել 324 մլրդ դրամ:
Ընդ որում, ԿԲ ղեկավար Մարտին Գալստյանը նոյեմբերին հայտարարել էր, որ Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը 2020 թվականի արդյունքներով կկազմի 7,1 տոկոս՝ տարեսկզբին նախատեսված 2,3 տոկոսի փոխարեն: (–1-518,44 դրամ):