Դավիթ Տոնոյանը խոսել է պատերազմի ժամանակ իր ամենամեծ բացթողման մասին
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսի» հետ հարցազրույցում խոսել է պատերազմի ժամանակ իր ամենամեծ բացթողման մասին:
Նա մասնավորապես նշել է, որ չի կարողացել հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը եւ դրանից առաջացող խոչընդոտները։
«Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը եւ գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին եւ պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը», - ասել է նա։
2015 թ-ին ընդունված նոր Սահմանադրությամբ, նշել է Տնոյանը, պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին։
«Սահմանադրական փոփոխություններից հետո «Պաշտպանության մասին» օրենքում փորձ արվեց կարգավորել այդ անհստակությունը, որը, ինչպես կյանքը ցույց տվեց, այնուամենայնիվ, բավարար չէր: Այդուհանդերձ, ինչպես ասել եմ նոյեմբերի 20-ի ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը», - եզրափակել է նա: