Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսի» հետ հարցազրույցում խոսել է իր՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարության մասին՝ ներկայացնելով դրա չիրականացման պատճառները:
Նա հիշեցրել է, որ մոտ մեկ ու կես տարի առաջ ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունն արձագանք էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ արցախյան խնդիրը պատերազմի միջոցով լուծելու հայտարարություններին, որոնք «հիմնավորվում էին» բանակցությունների անարդյունավետությամբ:
Ո՞վ է սկսել պատերազմը
«Որքան էլ պնդեն Ալիեւը եւ հայաստանյան քաղաքական որոշ գործիչներ, այդ հայտարարությունը բանակցությունների ձախողման եւ պատերազմի վերսկսման առիթ հանդիսանալ չէր կարող։ Նույն տրամաբանությամբ՝ պատերազմ կարող էր սկսվել ամեն օր, քանի որ Ադրբեջանի ղեկավարները մշտապես խոսում էին խնդրի ռազմական լուծման մասին։ Ավելին, տասնամյակներ շարունակ աշխարհում «չեն նկատում» Ալիեւի այն հայտարարությունները, որ «Երեւանը պատմական ադրբեջանական տարածք է»», - ասել է նա:
Նախկին նախարարը հստակ արձանագրում է, որ հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումից հրաժարված կողմը Ադրբեջանն էր։ Բանակցային գործընթացի խաթարման եւ պատերազմի նախաձեռնողը Իլհամ Ալիեւն էր ու նրան հրահրած եւ բազմակողմանի աջակցություն ցուցաբերած Թուրքիան:
«Իմ խորին համոզմամբ, 1994 թվականից հետո հայկական զինված ուժերի կողմից զբաղեցրած աշխարհագրական բնագծերի պայմաններում ամրաշինությունը, առաջնագծում մարտական հերթապահության կազմակերպումը եւ սպառազինումը ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկայով երկարաժամկետ առումով չէին լուծում արցախահայության անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման գերխնդիրը։
Ո՞րն էր վերոհիշյալ բնագծերով սահմանազատված տարածքների պահպանման վերջնանպատակը՝ պատմական արդարության վերականգնո՞ւմը, արցախահայության եւ Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ եւ կայուն անվտանգության ապահովո՞ւմը, տնտեսական զարգացո՞ւմը, թե՞ Արցախի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի դիմաց տարածքների վերադարձման վերաբերյալ վարվող բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծումը։
Վստահաբար՝ ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ էլ երրորդը։ Երկարաժամկետ եւ կայուն անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման հարցերն առկա աշխարհաքաղաքական պայմաններում եղած բնագծերով եւ հայեցակարգային պաշտպանական կեցվածքով չէին լուծվելու, ու բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի։
Ուստի, 26 տարի վարվող պաշտպանական եւ արտաքին քաղաքականության շրջանակներում՝ առկա սոցիալական եւ ժողովրդագրատնտեսական հնարավորությունների սահմաններում ոչ պատերազմական պայմաններում ապահովվել է չորրորդը՝ հայկական կողմի համար «շահեկան» կարգավորման գործընթացի շարունակականությունը», - նկատել է նա։
Քաոս հակառակորդի թիկունքում. ինչո՞ւ այն չեղավ
Այնուհետև Տնոյանը խոսել է այն մասին, թե ինչու չստացվեց կյանքի կոչել իմ մյուս՝ «պատերազմի դեպքում հայկական կողմը պետք է գործողությունները տեղափոխի հակառակորդի տարածք և գրոհային խմբերով քաոս ստեղծի այնտեղ», հայտնի հայտարարությունը:
«Այո, նշված գրոհային ստորաբաժանումների ստեղծումը եւ դրանց պատրաստումը հակառակորդի տարածքում գործելու համար, Զինված ուժերի համալրումը բազմաֆունկցիոնալ կործանիչներով, տարատեսակ ԱԹՍ-ներով եւ գերճշգրիտ հրթիռահրետանային համակարգերով, ինչպես նաեւ հետախուզական եւ հատուկ նշանակության կարողությունների զարգացումն ի վերջո բերելու էին հայեցակարգային փոփոխությունների:
Սակայն ՀՀ նախագահի 2018թ. փետրվարի 17-ի հրամանագրով հաստատված «ՀՀ Զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագիրը», խմբագրված եւ Անվտանգության խորհրդի կողմից 2019 թվականին նորից ընդունված Զինված ուժերի զարգացման պլանը, կառավարության կողմից վերանայվող «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը», նախաձեռնված «Պաշտպանության ռազմավարական վերանայումը» ամբողջ ծավալով չէին իրագործվել։ Մենք չհասցրեցինք պատրաստվել «անհպում» պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ», - նշել է նա։
Նախկին նախարարը նշել է, որ պաշտպանության ոլորտի եւ զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ 2020թ. հունիսի 9-ին հրապարակված տեսլականում ես նշել էի, որ մեկնարկել է Զինված ուժերի լայնածավալ վերազինման գործընթաց՝ սկսած հրաձգային զենքերից մինչեւ հեռահար հրթիռային համակարգեր եւ մարտական բազմաֆունկցիոնալ ավիացիա, սակայն մենք ճանապարհի սկզբին էինք:
«Վերազինումը նպատակաուղղված էր, մասնավորապես, զինված ուժերի ստորաբաժանումներն այնպիսի շարժունակ, ժամանակակից եւ գերճշգրիտ զինատեսակներով համալրելուն, որոնք կգործեն ավտոմատ կառավարման տիրույթում եւ կապահովեն ստորաբաժանումների ապակենտրոնացված ինքնուրույն գործողությունները: Համոզված եմ, որ մենք չունեինք այլընտրանք, քան այս ձեւաչափով պատերազմելը։
Բոլոր հայտարարություններն արվել են՝ հաշվի առնելով հակառակորդի հնարավոր գործողությունների եւ տարածաշրջանային զարգացումների կանխատեսելիությունը, սակայն Թուրքիայի անմիջական եւ վարձկանների զանգվածային ներգրավման, մատակարարման ուղիների ամբողջական արգելափակման ռիսկերի թերի գնահատմամբ։
Եթե իմ առաջ քաշած ծրագրային ու հայեցակարգային մոտեցումները գնահատվում են որպես «ամպագոռգոռ», «իրականությունից կտրված» եւ «հոխորտանք», ապա հայաստանյան որոշ քաղաքական գործիչների ոչ կոմպետենտությունը, թուլամորթությունն ու մելամաղձության դրսեւորումները պարզապես անվտանգության սպառնալիք են մեր ժողովրդի համար։
Մենք պարտություն ենք կրել բոլոր առումներով անհավասար մարտում, բայց դա որեւէ մեկին իրավունք չի տալիս խաղալ մեր ժողովրդի ազգային արժանապատվության հետ: Պետք է դադարեցնել մարդկանց հոգեբանորեն հյուծող այս քաղաքական մղձավանջը եւ թերարժեքության բարդույթ ներարկելու փոխարեն վերլուծել սխալները, դասեր քաղել ու աշխատել: Մենք չափազանց բարձր գին ենք վճարել, հազարավոր երիտասարդներ իրենց կյանքն են տվել հանուն Հայրենիքի եւ մեր շահերի պաշտպանության, եւ պարտվողական ելույթներն անարգում են նրանց հիշատակը», - եզրափակել է նա: